Անեմիայի բուժումը կախված է պատճառից:
- Երկաթ-դեֆիցիտային անեմիա. երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժումը սովորաբար ներառում է երկաթի հավելումները և սննդակարգի փոփոխությունը: Եթե անեմիայի այս տեսակի պատճառը արյան կորուստն է (դաշտանից բացի), բուժումը կարող է ներառել պատճառի վերացումը և արյունահոսության դադարեցումը: Որոշ դեպքերում արյունահոսությունը դադարեցվում է միայն վիրահատական բուժմամբ:
- Վիտամին-դեֆիցիտային անեմիաներ. ֆոլաթթվի և վիտամին C-ի դեֆիցիտով պայմանավորված անեմիաների բուժումը ներառում է սննդային հավելումները և սննդակարգում այս սննդանյութերի ավելացումը: Եթե մարսողական համակարգը դժվարությամբ է ներծծում սննդով ստացած վիտամին B12-ը, բժիշկը նաև կարող է նշանակել այս վիտամինի ներարկումներ (սկզբում՝ օրը մեջ, որից հետո՝ ամիսը մեկ), որը, կախված վիճակից, կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում:
- Քրոնիկ հիվանդության անեմիա. որևէ քրոնիկ հիվանդության պատճառով զարգացած անեմիան որևէ առանձնահատուկ բուժում չի պահանջում: Բժիշկները կենտրոնանում են հիմնական հիվանդության բուժման վրա: Եթե ախտանիշները ծանրանում են, ընդհանուր թուլությունը մեղմացնելու և արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանելու համար բժիշկը կարող է նշանակել արյան փոխներարկում կամ նորմայում երիկամներում արտադրվող էրիթրոպոետինի սինթետիկ փոխարինողներ:
- Ապլաստիկ անեմիա. ապլաստիկ անեմիայի բուժումը կարող է ներառել արյան կարմիր բջիջների մակարդակը խթանող արյան փոխներարկումները: Եթե ոսկրածուծը չի կարողանում արտադրել առողջ արյան բջիջներ, բժիշկը նաև կարող է առաջարկել ոսկրածուծի փոխպատվաստում:
- Ոսկրածուծի հետ կապված անեմիաներ. այս տարաբնույթ հիվանդությունների բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, քիմիոթերապիա և ոսկրածուծի փոխպատվաստում:
- Հեմոլիտիկ անեմիաներ. հեմոլիտիկ անեմիաների բուժումը ներառում է կասկածելի դեղամիջոցներից հրաժարվելը, վարակների բուժումը և իմունային համակարգն ընկճող դեղամիջոցները: Հեմոլիտիկ անեմիայի պատճառից կախված բժիշկը նաև կարող է առաջարկել սրտանոթային մասնագետի խորհրդատվություն:
- Մանգաղաբջջային անեմիա. մանգաղաբջջային հիվանդության բուժումը կարող է ներառել ցավը և այլ բադրությունները մեղմացնող թթվածնաբուժում, ցավազրկողներ, ինչպես նաև ներերակային ինֆուզիոն լուծույթներ: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ արյան փոխներարկում, ֆոլաթթվի հավելումներ և հակաբիոտիկներ: Քաղցկեղի բուժման դեղերից Հիդրօքսուրեան (Դրոքսիա, Հիդրեա, Սիկլոս) նույնպես կարող է նշանակվել մանգաղաբջջային անեմիայի բուժման մեջ:
- Թալասեմիա. թալասեմիայի ձևերի մեծ մասը թեթև է և բուժում չի պահանջում: Ավելի ծանր ձևերն ընդհանուր առմամբ պահանջում են արյան փոխներարկում, ֆոլաթթվի հավելումներ, դեղամիջոցներ, փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա) կամ արյան կամ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024