Skip to main content

Նկարագիր - Անեսթեզիա

Այս հոդվածում ձեզ կներկայացվի անեսթեզիայի կամ անզգայացման տարբեր տեսակների մասին հանրամատչելի տեղեկատվություն:

Եթե ունեք ներկայացվող թեմայի հետ կապված որևէ հարց կամ մտահոգություն, առանց վարանելու դիմեք ձեր բժշկին:

Ի՞նչ է անեսթեզիան կամ անզգայացումը

Անեսթեզիան կամ անզգայացումը, ինչպես հուշում է անվանումը, զգացողության կորստի առաջացումն է հատուկ խմբի մեկ կամ մի քանի դեղերի օգտագործմամբ: Այս դեղերը կոչվում են «անեսթետիկներ» կամ անզգայացնող դեղամիջոցներ, և, կախված անզգայացման տեսակից, լինում են մի քանի տեսակի:

  • Ընդհանուր անեսթետիկը դեղ է կամ դեղերի զուգակցում, որոնք առաջացնում են խորը քուն (նարկոզ): Ընդհանուր անզգայացման ներքո դուք չեք զգում կամ գիտակցում, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ կամ շրջակայքում, իսկ հետո չեք հիշում, թե ինչ է կատարվել:
  • Էպիդուրալ կամ սպինալ (ողնուղեղային) անեսթետիկը տեղային անեսթետիկի կամ այլ ցավազրկող նյութի ներարկումն է ձեր ողնուղեղը շրջապատող տարածության մեջ, որի շնորհիվ մարմնի որոշակի (ներարկման տեղից ներքև ընկած) տեղամասեր անզգայանում կամ ցավազրկվում են: Սպինալ անեսթետիկը ներմուծվում է ողնուղեղային հեղուկի մեջ և ապահովում ավելի ուժեղ անզգայացում:
  • Տեղային անեսթետիկները ժամանակավորապես արգելափակում են մարմնի որոշ շրջանի նյարդային հաղորդակցումը՝ թույլ տալով տվյալ շրջանի վիրահատական միջամտությունը դարձնել հնարավորինս անցավ: Նույն կերպ, տեղային անեսթետիկը թույլ է տալիս թմրեցնել ձեր վերին կամ ստորին վերջույթները (նյարդի պաշարում կամ բլոկադա):

Որո՞նք են անզգայացման օգուտները

  • Դուք կարող եք ունենալ որևէ վիրահատության կամ միջամտության կարիք: Անզգայացումը թույլ է տալիս, որ վիրաբույժը նախատեսված վիրահատությունը կամ միջամտությունը կատարի ձեզ համար առավելագույնս անվտանգ ու անցավ պայմաններում, իսկ դուք գտնվեք անշարժ և մկանները թուլացած վիճակում՝ նպաստելով վիրահատության տեխնիկապես հեշտացմանը:
  • Դուք կարող եք ունենալ որևէ հիվանդության կամ հետվիրահատական ցավազրկման կարիք: Նման դեպքերում տեղային անզգայացումը կամ ցավազրկումը, ինչպիսին է էպիդուրալ անզգայացումը, կարող են զգալիորեն մեղմացնել կամ լիարժեք հանել ցավերը և նպաստել ձեր բարվոք հետվիրահատական վիճակի ապահովմանը:

Ինչպե՞ս է տրվում ընդհանուր անեսթետիկը

Մարդկանց մեծ մասին ընդհանուր անզգայացնող դեղամիջոցը ներմուծվում է անմիջապես երակի մեջ: Նման դեպքերում խորը քունը վրա է հասնում խիստ արագ՝ մինչև 30 վայրկյանի ընթացքում:

Որոշ դեպքերում կամ որոշ մարդկանց ավելի նպատակահարմար է դիմակի միջոցով գազային վիճակում գտնվող ընդհանուր անեսթետիկի՝ ներշնչելու միջոցով ներմուծումը: Այս դեպքում քունը վրա է հասնում քիչ ավելի դանդաղ՝ մի քանի րոպեի ընթացում:

Իմացե՛ք ավելին ընդհանուր անզգայացման մասին:

Ինչպե՞ս է տրվում էպիդուրալ կամ սպինալ անեսթետիկը

Էպիդուրալ անեսթեզիան ողնուղեղից դուրս եկող նյարդարմատների ժամանակավոր թմրեցումն է, որի շնորհիվ զարգանում է մարմնի որոշ շրջանների անզգայացում կամ ցավազրկում: Նման դեպքում բարակ կաթետերը (պլաստիկ խողովակ) ներմուծվում է ողնուղեղը շրջապատող էպիդուրալ տարածություն, որի միջով էլ ժամանակ առ ժամանակ ներարկվում է տեղային անեսթետիկ կամ ցավազրկող դեղի լուծույթը:

Իմացե՛ք ավելին էպիդուրալ անզգայացման մասին:

Սպինալ (ողնուղեղային) անեսթեզիան տեխնիկապես նման է էպիդուրալին, սակայն այն տեղային անեսթետիկ կամ ցավազրկող դեղի միանվագ (առանց կաթետեր դնելու) ներմուծումն է ողնուղեղը շրջապատող սուբարախնոիդալ տարածության մեջ (որը լցված է ողնուղեղային հեղուկով): Սպինալ անեսթեզիան ապահովում է ավելի լիարժեք ցավազրկում, սակայն կարող է առաջացնել ավելի լուրջ բարդություններ:

Իմացե՛ք ավելին ողնուղեղային անզգայացման մասին:

Ինչպե՞ս է տրվում տեղային անեսթետիկը

Անզգայացման ամենապարզ տարբերակը տեղային անեսթետիկ դեղի ներարկումն է նախատեսված միջամտության շրջանում:

Նյարդը պաշարելու համար տեղային անեսթետիկը ներարկվում է խոշոր նյարդերը կամ դրանց խրձերը՝ հյուսակները շրջապատող հյուսվածքների մեջ: Որոշ դեպքերում նյարդերի պաշարումն անցկացվում է գերձայնային հետազոտության (սոնոգրաֆիայի) հսկողության ներքո:

Իմացե՛ք ավելին տեղային անզգայացման մասին:

Ի՞նչ բարդություններ կարող են լինել

Անեսթեզիայի որոշ բարդություններ կարող են ստանալ շատ լուրջ ընթացք և անգամ ունենալ մահացու ելք:

Ընդհանուր անեսթեզիա

Ընդհանուր անեսթեիզիայի ժամանակ կարող են տեղ գտնել փոքր՝ ժամանակավոր և կյանքին վտանգ չսպառնացող բարդություններ, օրինակ՝ ընդհանուր թուլություն, կոկորդում ցավ, միզարձակման դժվարություններ կամ գլխացավեր:

Ավելի լուրջ բարդություններից են՝

  • լսողության կորուստ կամ խանգարում
  • աչքի վնասում
  • նյարդի վնասում
  • սրտամկանի ինֆարկտ
  • ինսուլտ
  • շնչառական վարակներ կամ շնչառության հետ կապված այլ խնդիրներ
  • ալերգիկ ռեակցիաներ
  • մահ:

Էպիդուրալ կամ սպինալ անեսթեզիա

  • էպիդուրալ կամ սպինալ անզգայացման անհաջող փորձ
  • արյան ճնշման անկում (հիպոտենզիա)
  • գլխացավեր
  • ողնաշարի՝ ներարկման շրջանի վարակներ
  • սրտանոթային կոլապս (ծանր դեպքերում՝ սրտի կանգ)
  • նյարդի կարճաժամկետ վնասում
  • արյունազեղում
  • կաթված կամ մահ:

Տեղային անեսթեզիա

  • անբավարար ցավազրկում
  • ալերգիկ ռեակցիա
  • արյունահոսություն
  • նյարդի վնասում
  • անեսթետիկի ներծծում դեպի արյան հուն:

Ամփոփում

Կան անզգայացման տարբեր տեսակներ ու ձևեր, որոնք թույլ են տալիս վիրահատական միջամտությունը դարձնել հնարավորինս անվտանգ և անցավ կամ ապահովել հետվիրահատական ցավազրկում: Մարդկանց մեծ մասը որևէ լուրջ խնդիրներ չի ունենում և բավարարված է լինում անզգայացման կամ ցավազրկման մակարդակից:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-10-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024