Տեղային անեսթեզիան անզգայացման տեսակ է, որն օգտագործվում է ձեր մարմնի որևէ մի շրջանը կամ տեղամասը ժամանակավորապես անզգայացնելու՝ թմրեցման և ցավազրկման համար:
Ի տարբերություն ընդհանուր անզգայացման, տեղային անզգայացման դեղերը չեն առաջացնում գլխուղեղի արգելակում և գիտակցության կորուստ: Տեղային անեսթեզիայի դեպքում դուք անզգայացվող շրջանում չեք զգում որևէ ցավ, թեև ճնշման-սեղմման կամ շարժողական զգացողությունները կարող են պահպանվել:
Ինչպե՞ս է տեղային անեսթեզիան ազդում
Տեղային անեսթեզիան իրականացվում է տեղային (լոկալ) անեսթետիկի՝ տեղային ազդեցություն դրսևորող դեղամիջոցի ներարկմամբ: Տեղային անեսթետիկն իր ազդեցությունը դրսևորում է՝ արգելափակելով մարմնի տվյալ շրջանի նյարդերը և շրջափակելով ցավային ազդանշանների հաղորդումը տվյալ շրջանից դեպի գլխուղեղ: Այս նյութերի թմրեցնող ազդեցությունը սովորաբար զարգանում է մի քանի րոպեի ընթացքում: Տեղային անզգայացման ազդեցությունը կարող է տևել մի քանի ժամ:
Տեղային անեսթեզիայի տեսակները
Տեղային անեսթեզիան սովորաբար օգտագործվում է վիրաբույժների կողմից՝ մարմնի փոքր շրջանում ցավ առաջացնող որևէ միջամտություն կատարելու կամ ատամնաբույժի կողմից՝ որևէ ատամ հեռացնելու կամ այլ միջամտության ժամանակ:
Տեղային անզգայացնող դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև ընդհանուր անզգայացման հետ միասին, որ հզորացվի հետվիրահատական ցավազրկումը:
Տոպիկ անզգայացում
Տոպիկ անեսթետիկներն արտադրվում են հեղուկի, նրբաքսուքի (կրեմի) կամ քսուքի տեսքով և օգտագործվում են մարմնի մակերեսն անզգայացնելու համար: Օրինակ, աչքի վիրահատության որոշ տեսակներ կարող են իրականացվել տեղային անեսթետիկ նյութ պարունակող աչքի կաթիլների կիրառմամբ: Որոշ տոպիկ անեսթետիկներ առանց դեղատոմսի վաճառվում են դեղատներում:
Էպիդուրալ կամ ողնուղեղային (սպինալ) անզգայացում
Էպիդուրալ և սպինալ անեսթետիկները հաճախ օգտագործվում են ծննդաբերական ցավերը հանելու, կեսարյան հատման և այլ վիրահատական միջամտությունների ցավազրկումն ապահովելու համար: Այս երկու մեթոդների ժամանակ տեղային անեսթետիկի լուծույթը ներարկվում է ողների արանքով ողնուղեղը շրջապատող էպիդուրալ կամ սուբարախնոիդալ տարածությունների մեջ:
Նյարդի շրջափակում (բլոկադա)
Նյարդի շրջափակումը ներառում է տեղային անեսթետիկի լուծույթի ներարկումը մարմնի որոշակի շրջանների, օրինակ՝ վերին կամ ստորին վերջույթների նյարդային հյուսակները շրջապատող հյուսվածքների մեջ, որի շնորհիվ տվյալ շրջանը թմրում և անզգայանում է: Նյարդի շրջափակումը կարող է օգտագործվել դիմածնոտային և այլ (օրինակ՝ ծնկան կամ արմունկի) վիրահատական միջամտության ընթացքում կամ դրանից հետո: Այն լայն կիրառում ունի նաև ատամնաբուժության մեջ:
Տեղային անզգայացման նախապատրաստումը
Անզգայացնող որևէ միջոց զերծ չէ վտանգներից, ուստի անպայման այս թեմայի շուրջ զրուցեք ձեր բժշկի հետ: Քննարկեք նրա հետ ձեր առողջական վիճակը կամ հնարավոր ալերգիաների խնդիրը: Հարցրեք նրան, թե ինչպես կարող եք մեղմացնել ցավերը, երբ տեղային անեսթեզիայի ազդեցությունը դադարի:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-10-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024