Skip to main content

Էլեկտրոլիտներ - Լաբորատոր թեստեր

Արյան էլեկտրոլիտների թեստը կարևոր տվյալներ է տրամադրում արյան իոնական կազմի մասին, որը կարող է օգնել ձեր բժշկին ախտորոշիչ կամ բուժական ճիշտ որոշումներ կայացնելիս:

Ի՞նչն են էլեկտրոլիտները

Քիմիապես, էլեկտրոլիտները նյութեր են, որոնք լուծույթի մեջ դառնում են իոններ և ստանում են էլեկտրականություն հաղորդելու ունակություն: Էլեկտրոլիտներ կան են մեր բոլոր օրգաններում, հյուսվածքներում և բջիջներում, իսկ դրանց հավասարակշռությունը պարտադիր պայման է մեր բջիջների, հյուսվածքների և օրգանների նորմալ գործունեության համար:

Բժիշկներին ավելի հաճախ անհրաժեշտ է դառնում արյան հետևյալ էլեկտրոլիտների որոշումը՝

  • նատրիում (sodium)
  • կալիում (potassium)
  • քլորիդ (chloride)
  • բիկարբոնատ (bicarbonate):

Նատրիում

Նատրիումը բջիջներից դուրս գտնվող (արտաբջջային) հեղուկների գլխավոր դրական իոնն է (կատիոն), որի քիմիական նշանն է Na+: Երբ նատրիումի իոնը միանում է քլորիդի իոնին, առաջանում է կերակրի կամ սեղանի աղ:

Ավելցուկային նատրիումը (օրինակ՝ սննդով ստացվող) օրգանիզմից հեռացվում է մեզով: Նատրիումը կարգավորում է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը, իսկ նատրիումի՝ դեպի բջիջ և բջջից դուրս տեղշարժը մեծ դեր է խաղում օրգանիզմի կենսական գործառույթների մեջ: Օրգանիզմում ընթացող բազմաթիվ գործընթացներ, հատկապես՝ գլխուղեղում, նյարդային համակարգում և մկաններում, պահանջում են հաղորդակցման էլեկտրական ազդանիշներ: Նատրիումի ներ- և արտաբջջային տեղաշարժը որոշիչ դեր է խաղում այսպիսի ազդանիշներ ստեղծվելու համար: Սա նշանակում է, որ նատրիումի ավելցուկային կամ պակասորդային քանակները կարող են առաջացնել բջջային գործընթացների խախտումներ, իսկ արյան մեջ նատրիումի մակարդակի կտրուկ շեղումները կարող են դառնալ կյանքին սպառնացող:

  • Արյան նատրիումի մակարդակի բարձրացում (հիպերնատրեմիա) զարգանում է բոլոր այն դեպքերում, երբ նատրիումը գերակշռում է ջրին: Կան հիպերնատրեմիայի բազմաթիվ պատճառներ, որոնցից են՝ երիկամային հիվանդություն, խիստ անբավարար ջրի ընդունում և ջրի կորուստ, օրինակ՝ հաճախակի ջրիկ փորլուծության և (կամ) կրկնակի փսխումների պատճառով:
  • Արյան նատրիումի մակարդակի նվազեցում (հիպոնատրեմիա) զարգանում է, երբ օրգանիզմի ջրի քանակը հարաբերականորեն գերակշռում է այդ ջրին համապատասխանող նատրիումի քանակին: Հիպոնատրեմիայի պատճառներից են՝ լյարդի և երիկամների որոշ հիվանդություններ, կանգային սրտային անբավարարություն և ծանր այրվածքներ:

Արյան նատրիումի նորմալ մակարդակը 135-145 միլիմոլ/լիտր է (մմոլ/լ):

Կալիում

Կալիումը բջիջների ներսում գտնվող (ներբջջային) հեղուկների գլխավոր դրական իոնն է (կատիոն), որի քիմիական նշանն է К+: Կալիումի համարժեք մակարդակը կենսական նշանակություն ունի բջջի նորմալ գործունեության համար: Բազմաթիվ գործառույթների հետ մեկտեղ կալիումը մեծ դեր ունի սրտազարկի կարգավորման և մկանների գործունեության մեջ: Կալիումի մակարդակի լուրջ բարձրացումը կամ նվազեցումը կարող են խորապես ազդել նյարդային համակարգի գործունեության վրա և բարձրացնել անկանոն սրտազարկի (առիթմիա) ռիսկը, որը, խիստ շեղված լինելիս կարող է ունենալ մահացու ելք:

  • Արյան կալիումի մակարդակի բարձրացումը (հիպերկալեմիա) գլխավորապես պայմանավորված է երիկամներով այս կատիոնի հեռացման խաթարմամբ, օրինակ՝ երիկամների գործունեության թուլացման ժամանակ: Որոշ դեղեր և հիպերկալեմիայի նկատմամբ նախատրամադրվածությունը նույնպես կարող են բարձրացնել արյան կալիումի մակարդակը:
  • Արյան կալիումի մակարդակի նվազեցում (հիպոկալեմիա) կարող է զարգանալ հետևյալ հիվանդությունների ժամանակ՝ երիկամի հիվանդություններ, կալիումի ավելցուկային կորուստ (առատ քրտնարտադրություն, հաճախակի փորլուծություն կամ փսխումներ), սնման խանգարումներ, որոշ դեղեր և այլն:

Արյան կալիումի նորմալ մակարդակը 3,5-5,0 մմոլ/լ է:

Քլորիդ

Քլորիդը բջիջներից դուրս գտնվող (արտաբջջային) հեղուկների և արյան գլխավոր բացասական իոնն է (անիոն), որի քիմիական նշանն է Cl-: Քլորիդը մեծ դեր ունի օրգանիզմի հեղուկների նորմալ հավասարակշռության պահպանման մեջ:

Քլորիդի մակարդակը խստորեն կարգավորվում է օրգանիզմի կողմից: Այս անիոնի զգալի բարձրացումը կամ նվազեցումը կարող են ունենալ վնասակար, երբեմն նաև՝ կյանքին սպառնացող հետևանքներ:

  • Արյան քլորիդի մակարդակի բարձրացում (հիպերքլորեմիա) կարող է գրանցվել փորլուծության, որոշ երիկամային հիվանդությունների և երբեմն հարվահանաձև գեղձերի գերակտիվության ժամանակ:
  • Արյան քլորիդի մակարդակի նվազեցում (հիպոքլորեմիա) կարող է զարգանալ առատ քրտնարտադրության, փսխումների, մակերիկամների և երիկամային հիվանդության ժամանակ:

Արյան շիճուկի քլորիդի նորմալ մակարդակը 98-108 մմոլ/լ է:

Բիկարբոնատ

Բիկարբոնատի իոնները գործում են որպես բուֆեր՝ պահպանելու արյան և այլ կենսահեղուկների նորմալ թթվայնությունը (pH): Բիկարբոնատի մակարդակները որոշվում է, որ վերահսկվի արյան և մյուս կենսահեղուկների թթվայնությունը կամ թթվա-հիմնային հավասարակշռությունը: Թթվայնության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ՝ մեր ընդունած սննդամթերքները, դեղերը կամ երիկամների և թոքերի գործունեությունը։ Բիկարբոնատը լաբորատորիաներում նշվում է որպես HCO3- կամ որպես ածխաթթու գազի տոկոս (CO2

Բիկարբոնատը սովորաբար հետազոտվում է այլ էլեկտրոլիտների հետ միասին: Բիկարբոնատի մակարդակը կարող է շեղվել շնչառական գործունեության վրա ազդող հիվանդությունների, երիկամային հիվանդությունների, նյութափոխանակության շեղումների և այլ պատճառներով:

Արյան շիճուկի բիկարբոնատի նորմալ մակարդակը 22-30 մմոլ/լ է:

Լրացուցիչ տեղեկատվություն

Արյան էլեկտրոլիտների թեստի մասին

Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք նատրիումի (Na+), կալիումի (K+), քլորիդի (Cl-) թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։

Արյան թեստերի մասին

Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝

  • ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
  • ի՞նչ է տեղի ունենում արյան թեստի ընթացքում
  • ինչպիսի՞ ճշգրություն ունեն թեստի արդյունքները։

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024