Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը զարգանում է, երբ իմունային համակարգը սխալմամբ արտադրում է հակամարմիններ, որոնք մեծացնում են արյան մակարդման հավանականությունը:
Հակամարմինները սովորաբար պաշտպանում են մարմինը վարակներից, ինչպիսիք են վիրուսները և բակտերիաները:
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է առաջանալ որևէ այլ առողջական խնդրի պատճառով, ինչպիսին է աուտոիմուն խանգարումը: Սակայն ձեզ մոտ այս համախտանիշը կարող է զարգանալ նաև առանց հիմքում ընկած պատճառի:
Ռիսկի գործոններ
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը ավելի հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ: Մեկ այլ աուտոիմուն հիվանդություն ունենալը, ինչպիսին է համակարգային կարմիր գայլախտը (լուպուս), մեծացնում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ռիսկը:
Հնարավոր է ունենալ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի հետ կապված հակամարմիններ՝ առանց գանգատների կամ ախտանիշների: Այնուամենայնիվ, այս հակամարմինների առկայությունը մեծացնում է արյան մակարդուկների (թրոմբների) առաջացման ռիսկը, հատկապես, եթե դուք՝
- հղիացել եք
- որոշ ժամանակ անշարժ եք, օրինակ՝ անկողնային ռեժիմում կամ երկար թռիչքի ժամանակ նստած եք
- վիրահատվել եք
- ծխախոտ եք ծխում
- ընդունում եք բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ կամ դաշտանադադարի դեպքում ստանում եք էստրոգենային բուժում
- ունեք խոլեստերինի և տրիգլիցերիդների բարձր մակարդակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024