Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Արյան մակարդուկներ ոտքերում. խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) նշանները ներառում են ցավ, այտուց և կարմրություն: Այս թրոմբները կարող են տեղաշարժվել դեպի թոքեր (թոքային էմբոլիա):
- Կրկնվող վիժումներ կամ մեռելածնություն. հղիության մյուս բարդությունները ներառում են վտանգավոր բարձր արյան ճնշումը (պրեէկլամպսիա) և վաղաժամ ծննդաբերությունը:
- Ինսուլտ. ինսուլտ կարող է առաջանալ երիտասարդի մոտ, ով ունի հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, սակայն չունի սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ:
- Անցողիկ իշեմիկ գրոհ (ԱԻԳ). ի տարբերություն ինսուլտի, ԱԻԳ-ն սովորաբար տևում է ընդամենը մի քանի րոպե և մշտական վնաս չի պատճառում:
- Ցան. որոշ մարդկանց մոտ առաջանում է կարմիր ցան՝ ժանյակավոր, ցանցանման նախշով (ցանցավոր լիվեդո):
Ավելի քիչ տարածված գանգատներն ու ախտանիշները ներառում են հեռևյալը:
- Նյարդաբանական ախտանիշներ. քրոնիկ գլխացավեր, ներառյալ միգրենային, դեմենցիա և ցնցումներ հնարավոր են, երբ արյան մակարդուկն արգելափակում է արյան հոսքը դեպի գլխուղեղի շրջաններ:
- Սրտանոթային հիվանդություն. հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է վնասել սրտի փականները:
- Արյան թիթեղիկների ցածր քանակություն (թրոմբոցիտոպենիա). արյան մակարդման համար անհրաժեշտ արյան բջիջների այս նվազումը կարող է առաջացնել արյունահոսության դրվագներ, հատկապես քթից և լնդերից: Մաշկի մեջ արյունահոսությունը կհայտնվի փոքր կարմիր կետերից կազմված բծերի տեսքով:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք ձեր քթից կամ լնդերից անբացատրելի արյունահոսություն, անսովոր առատ դաշտան, փսխում, որը վառ կարմիր է կամ նման է սուրճի նստվածքին, սև, ձութանման կամ վառ կարմիր կղանք կամ որովայնի անբացատրելի ցավ:
Զանգեք 1-03 և շտապ օգնություն, եթե ունեք հետևյալ վիճակների գանգատներն ու ախտանիշները:
- Ինսուլտ. ձեր գլխուղեղի մակարդուկը (թրոմբը) կարող է առաջացնել ձեր դեմքի, ձեռքի կամ ոտքի հանկարծակի թմրածություն, թուլություն կամ անշարժություն: Դուք կարող եք դժվարությամբ խոսել կամ հասկանալ խոսքը, ունենաք տեսողական խանգարումներ և ուժեղ գլխացավ:
- Թոքային էմբոլիա. եթե թրոմբը հայտնվում է ձեր թոքերի մեջ, դուք կարող եք ունենալ հանկարծակի շնչարգելություն և հևոց (ծանր դեպքերում՝ շնչահեղձություն), ցավ կրծքավանդակում և արյունոտ լորձով հազ:
- Խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ). ԽԵԹ-ի գանգատներն ու ախտանիշները ներառում են ոտքի կամ, շատ ավելի հազվադեպ՝ ձեռքի այտուց, կարմրություն կամ ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024