Մինչև 5,5 սմ չափի փոքր անևրիզմաները բուժման կարիք չունեն, սակայն պետք է գտնվեք բժշկի մշտական հսկողության ներքո և պարբերաբար անցնեք գերձայնային հետազոտություն:
5,5 սմ և ավելի մեծ անևրիզմայի դեպքում ձեզ ամենայն հավանականությամբ կառաջարկեն վիրահատական բուժում, քանի որ մեծ չափի անևրիզմաների պատռվելու ռիսկն ավելի բարձր է: Ձեզ կարող են նաև վիրահատություն առաջարկել այն դեպքում, երբ անևրիզման փոքր է, սակայն արագորեն մեծանում է կամ պատճառում է այլ գանգատներ կամ խնդիրներ:
Մինչև վերջերս աորտայի անևրիզմայի դեպքում իրականացվում էր բաց վիրահատություն և աորտայի վնասված հատվածի փոխարինում արհեստական խողովակով (աորտայի պրոթեզավորում): Նման դեպքերում հիվանդները հետվիրահատական առաջին մի քանի օրն անցկացնում են վերակենդանացման բաժանմունքում և հիվանդանոցից դուրս գրվում 7-10-րդ օրերին:
Որոշ դեպքերում վիրաբույժը կարող է առաջարկել աորտայի արտափքված հատվածի ստենտավորում, որն աորտայի լուսանցք է ներմուծվում աճուկային փոքրիկ կտրվածքով: Սա կոչվում է ներանոթային (էնդովասկուլյար) վիրաբուժություն և ցուցված է որովայնային աորտայի անևրիզմայի որոշ դեպքերի համար:
Ձեզ նաև կարող են նշանակել տարբեր դեղամիջոցներ՝ ուղղված անևրիզմայի պատռման ռիսկի նվազեցմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024