Աֆթոզ ստոմատիտի կամ խոցերի ճշգրիտ պատճառը մնում է անհայտ, թեև հետազոտողները կասկածում են, որ բռնկմանը, նույնիսկ նույն անձի մոտ, կարող է նպաստել տարբեր գործոնների համակցությունը:
Աֆթոզ խոցերի հնարավոր հրահրիչները (տրիգերներ) ներառում են՝
- ձեր բերանում փոքր վնասվածք ատամնաբուժական աշխատանքից, չափազանց եռանդուն ատամները խոզանակելուց, մարզական պատահարներից կամ այտի պատահական կծումից
- ատամի մածուկներ և բերանի ողողումներ լուծույթներով, որոնք պարունակում են նատրիումի լաուրիլային սուլֆատ
- սննդային զգայունություն, մասնավորապես շոկոլադի, սուրճի, ելակի, ձվի, ընկույզի, պանրի և կծու կամ թթու մթերքների նկատմամբ
- սննդակարգ, որը չի պարունակում վիտամին B12-ի, ցինկի, ֆոլատի (ֆոլաթթվի) կամ երկաթի բավարար քանակներ
- ձեր բերանի որոշակի բակտերիաների նկատմամբ ալերգիկ պատասխան
- Հելիկոբակտեր պիլորի (H. pylori)` նույն բակտերիաները, որոնք առաջացնում են պեպտիկ խոցեր
- դաշտանի ընթացքում հորմոնային փոփոխություններ
- հուզական սթրես:
Աֆթոզ խոցերը նաև կարող են առաջանալ որոշակի վիճակների և հիվանդությունների պատճառով, որոնք ներառում են հետևյալը:
- Ցելիակայի հիվանդություն. ցելիական աղիքային լուրջ խանգարում, որն առաջանում է գլուտենի (սնձանի) նկատմամբ զգայունության պատճառով: Գլուտեինը սպիտակուց է, որը պարունակվում է հացահատիկների մեծ մասում:
- Աղիների բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը:
- Բեխչետի հիվանդություն. սա հազվադեպ խանգարում, որն առաջացնում է բորբոքում ամբողջ օրգանիզմում, ներառյալ՝ բերանի խոռոչում:
- Աուտոիմուն խանգարումներ. խանգարված իմունային համակարգը վնասում է ձեր բերանի առողջ բջիջները՝ ախտածին միկրոօրգանիզմների կամ օտարածին նյութերի փոխարեն:
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ, որը ճնշում է իմունային համակարգը:
Ի տարբերություն հերպեսային խոցերի, աֆթոզ խոցերը կապված չեն հերպեսի վիրուսային վարակների հետ:
Ռիսկի գործոններ
Ցանկացած մարդու մոտ կարող են զարգանալ աֆթոզ խոցեր: Այնուամենայնիվ, դրանք ավելի հաճախ հանդիպում են դեռահասների և երիտասարդների մոտ, և ավելի տարածված են կանանց շրջանում:
Կրկնվող խոցեր ունեցող մարդիկ հաճախ ունեն այս խանգարման ընտանեկան պատմություն: Սա կարող է պայմանավորված լինել ժառանգականությամբ կամ շրջակա միջավայրի ընդհանուր գործոնով, ինչպիսիք են որոշակի սննդամթերքները կամ ալերգենները:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024