Աննշան կամ փոքր խոցերի դեպքում, որոնք հակված են ինքնուրույն մաքրվել մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, սովորաբար բուժում անհրաժեշտ չէ:
Սակայն, խոշոր, համառ կամ անսովոր ցավոտ խոցերը հաճախ բուժօգնության կարիք ունեն: Կան բուժման մի շարք տարբերակներ:
Բերանի ողողումներ
Եթե ունեք մի քանի աֆթոզ խոցեր, ձեր բժիշկը կարող է նշանակել բերանի ողողում բուժիչ լուծույթով, որը պարունակում է Դեքսամետազոն ստերոիդ դեղամիջոց՝ ցավն ու բորբոքումը նվազեցնելու համար կամ Լիդոկաին՝ ցավը նվազեցնելու համար:
Տեղային օգտագործման արտադրանքներ
Որոշ սովորական և ավելի ուժեղ ազդող արտադրանքները (մածուկներ, քսուքներ, գելեր կամ հեղուկներ) կարող են օգնել թեթևացնելու ցավը և արագացնելու բուժումը, եթե դրանք կիրառվեն նոր հայտնված խոցերի վրա: Որոշ արտադրանքներ ունեն ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են՝
- Բենզոկաին (Անբեսոլ, Կանկ-А, Օրաբաս, Զիլակտին-B)
- Ֆլուոցիոնիդ (Լիդեքս, Վանոս)
- Ջրածնի պերօքսիդ (Պերօքսիլ և այլն):
Կան աֆթոզ խոցերի բուժման բազմաթիվ այլ արտադրանքներ, այդ թվում՝ առանց ակտիվ բաղադրիչների: Հարցրեք ձեր բժշկին կամ ատամնաբույժին, թե որոնք կարող են լավագույնս ազդել ձեր դեպքում:
Բերանային (օրալ) դեղամիջոցներ
Բերանային դեղամիջոցները կարող են օգտագործվել, երբ խոցերը ծանր են կամ չեն արձագանքում տեղային բուժմանը: Դրանք կարող են ներառել հետևյալը:
- Դեղեր, որոնք հատուկ նախատեսված չեն աֆթոզ խոզերի բուժման համար, օրինակ՝ Սուկրալֆատը (Կարաֆատ), որը նախատեսված է աղիքային խոցի բուժման համար և Կոլխիցինը, որը սովորաբար օգտագործվում է պոդագրայի բուժման համար:
- Բերանային ստերոիդային դեղամիջոցներ, երբ ծանր խոցերը չեն արձագանքում այլ բուժումներին: Սակայն, լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով դրանք սովորաբար վերջին միջոցն են:
Խոցերի այրում
Այս դեպքում օգտագործվում է գործիք կամ քիմիական նյութ՝ հյուսվածքը այրելու, չորացնելու կամ ոչնչացնելու համար:
- Դեբակտերոլը տեղային լուծույթ է, որը նախատեսված է աֆթոզ խոցերի և լնդերի խնդիրների բուժման համար: Քիմիապես այրելով խոցերը՝ այս դեղամիջոցը կարող է նվազեցնել ապաքինման ժամանակը մինչև մոտ մեկ շաբաթ:
- Արծաթի նիտրատը, որն աֆթոզ խոցի քիմիական այրման ևս մեկ տարբերակ է, ցույց չի տրվել, որ արագացնում է ապաքինումը, սակայն կարող է օգնել ցավի թեթևացմանը:
Սննդանյութային հավելումներ
Ձեր բժիշկը կարող է նշանակել սննդային հավելումներ, եթե օգտագործում եք կարևոր սննդանյութերի ցածր քանակներ, ինչպիսիք են ֆոլատը (ֆոլաթթու), վիտամին B6, վիտամին B12 կամ ցինկ:
Փոխկապված առողջական խնդիրներ
Եթե ձեր աֆթոզ ստոմատիտը կապված է ավելի լուրջ առողջական խնդրի հետ, ձեր բժիշկը կբուժի հիմքում ընկած վիճակը կամ հիվանդությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024