Աֆթոզ խոցերի մեծ մասը կլոր կամ ձվաձև է` սպիտակ կամ դեղին կենտրոնով և կարմիր եզրագծով:
Դրանք ձևավորվում են բերանի ներսում՝ լեզվի վրա կամ տակ, այտերի կամ շուրթերի ներսում, լնդերի հիմքում կամ փափուկ քիմքի վրա: Դուք կարող եք նկատել ծակծկոց կամ այրոցի զգացողություն խոցերի հայտնվելուց մեկ-երկու օր առաջ:
Կան աֆթոզ խոցերի մի քանի տեսակներ, ներառյալ փոքր, մեծ և հերպեսանման խոցեր:
Փոքր աֆթոզ խոցեր
Փոքր աֆթոզ խոցերն ամենատարածվածն են և՝
- սովորաբար փոքր են
- ձվաձև են՝ կարմիր եզրով
- լավանում են մեկից երկու շաբաթվա ընթացքում՝ չթողներով սպիներ:
Մեծ աֆթոզ խոցեր
Մեծ աֆթոզ խոցերն ավելի քիչ տարածված են և՝
- ավելի մեծ և խորն են, քան փոքր խոցերը
- սովորաբար կլոր են՝ հստակ եզրերով, սակայն կարող են ունենալ անկանոն եզրեր, երբ շատ մեծ են
- կարող են չափազանց ցավոտ լինել
- ապաքինումը կարող է տևել մինչև վեց շաբաթ և կարող է թողնել լայնածավալ սպիներ:
Հերպեսանման աֆթոզ խոցեր
Հերպեսանման աֆթոզ խոցերը հազվադեպ են և սովորաբար զարգանում են կյանքի ավելի ուշ շրջանում, սակայն դրանք չեն առաջանում հերպեսի վիրուսով վարակվելու հետևանքով: Այս աֆթոզ խոցերը՝
- կետային չափերի են
- հաճախ առաջացնում են 10-100 խոցերի խմբեր (կլաստերներ), սակայն կարող են միաձուլվել մեկ մեծ խոցի մեջ
- ունեն անկանոն եզրեր
- լավանում են մեկից երկու շաբաթվա ընթացքում՝ ՝ չթողներով սպիներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք՝
- անսովոր մեծ աֆթոզ խոցեր
- կրկնվող խոցեր, երբ նորերը զարգանում են նախքան հինների ապաքինումը, կամ հաճախակի բռնկումներ
- համառ խոցեր, որոնք տևում են երկու շաբաթ կամ ավելի
- խոցեր, որոնք տարածվում են բուն շուրթերի վրա (կարմիր եզրագիծ)
- ցավ, որը չեք կարող մեղմացնել ինքնօգնության միջոցներով
- ուտելու կամ խմելու հետ կապված խիստ դժվարություններ
- բարձր ջերմություն, որն առաջանում է խոցերի հետ միասին:
Այցելեք ձեր ատամնաբույժին, եթե ունեք ատամի սուր մակերեսներ կամ դենտալ սարքեր, որոնք ըստ ձեզ առաջացնում են խոցեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024