Skip to main content

Ապենդէկտոմիա - Վիրահատություններ

Ապենդէկտոմիան ձեր ապենդիքսի՝ կույր աղիքի որդանման ելունի հեռացման վիրահատությունն է:

Հաճախ ապենդէկտոմիայի շտապ կարիք է զգացվում, երբ զարգանում է ելունի սուր բորբոքում, որը կոչվում է ապենդիցիտ:

Ե՞րբ է ապենդէկտոմիան կատարվում

Ապենդէկտոմիան սովորաբար կատարվում է, երբ առկա է կույր աղու որդանման ելունի բորբոքում կամ պատռում: Եթե բորբոքված որդանման ելունը չհեռացվի, այն կարող է բերել թափածակման կամ պատռվածքի, որոնք էլ՝ կյանքին սպառնացող պերիտոնիտի, երբ վարակը տարածվում է որովայնի խոռոչում: Ուստի, վիրահատություն առաջարկվում է բոլոր դեպքերում, երբ կա ապենդիցիտի կասկած:

Իմացե՛ք ավելին ապենդիցիտի մասին:

Ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը

Սովորաբար ապենդիցիտը սկսվում է հանկարծակի և դուք վիրաբուժական բաժանմունք եք ընդունվում անպատրաստ վիճակում: Այլ դեպքերում դուք պետք է վիրահատությունից առնվազն 6 ժամ առաջ որևէ սնունդ կամ ջուր չընդունեք: Ձեզ կարող է միացնել ներերակային կաթիլային համակարգ, որ ապահովվի ջրազրկման կանխարգելումը:

Ձեր վիրաբույժը ձեզ կբացատրի վիրահատության անհրաժեշտությունը և ընթացքը: Տվեք նրան հարցեր, եթե ինչ-որ բան ձեզ համար մնում է անորոշ:

Ի՞նչ է կատարվում վիրահատության ընթացքում

Մինչև վիրահատությունը ձեզ համար ապահովվում է ընդհանուր անզգայացում, ուստի դուք ողջ վիրահատության ընթացքում լինելու եք խորը քնած վիճակում և որևէ ցավ կամ այլ զգացողություններ չեք զգա:

Վիրաբույժը կարող է որոշ դեպքերում վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով, որի ժամանակ ձեր որովայնի մաշկի վրա կատարվում է մի քանի փոքր կտրվածք: Առաջին կտրվածքով որովայնի խոռոչ մղվում է գազ, ինչը հեռացնում է որովայնի պատը աղիներից և լավացնում է լապարոսկոպով ներքին օրգանների տեսանելիությունը: Այնուհետև լապարոսկոպը մյուս կտրվածով ներմուծվում է որովայնի խոռոչ: Այն իրենից ներկայացնում է բարակ խողովակ՝ ծայրին փոքր տեսախցիկ, որի օգնությամբ ստացված պատկերներն արտացոլվում են մոնիտորի վրա: Որդանման ելունի կարմրածության կամ այտուցվածության առկայության դեպքում ախտորոշիչ լապարոսկոպիան սահուն անցնում է վիրահատական միջամտության՝ որդանման ելունի հեռացման:

Երբեմն անհրաժեշտություն է առաջանում կատարելու ավելի մեծ կտրվածք, որը հայտնի է որպես բաց ապենդէկտոմիա: Բաց ապենդէկտոմիան իրականացվում է որովայնի առաջային պատի՝ անմիջապես որդանման ելունի շրջանում կտրվածքի միջոցով, կամ, որոշ դեպքում, որովայնի միջին գծով կատարված կտրվածքով: Որդանման ելունը հեռացվում է, վերքը կարվում կամ փակվում սեղմակի միջոցով:

Վիրահատության ընթացքում և դրանից հետո դուք գտնվում եք բժշկական վերահսկողության ներքո: Ձեզ հավանաբար կնշանակեն հակաբիոտիկներ և ցավազրկող դեղեր:

Ապենդէկտոմիայից հետո

Արթնանալուց հետո դուք կարող եք լինել ապակողմնորոշված և շփոթված: Դուք կարող եք նաև ցավեր նշել:

Լիարժեք արթնանալուց հետո ձեզ կտեղեկացնեն, թե երբ եք կարողանալու սնունդ կամ հեղուկներ ընդունել: Ամենայն հավանականությամբ, սկզբից ձեզ ջուր կտան կաթիլներով, որից հետո՝ աստիճանաբար կշատացնեն հեղուկների քանակը, իսկ ավելի ուշ կթույլատրեն նաև ուտել փափուկ հեշտամարս սնունդ կամ ապուր: Շտապել պետք չէ. որքան աստիճանաբար վերականգնվի ձեր սնունդ ստանալը, այդքան ավելի արագորեն կվերականգնվի ձեր հաստ աղիքի գործունեությունը:

Հետվիրահատական շրջանում ձեզ կնշանակեն ցավազրկողներ, երբեմն նաև՝ կաթիլային հակաբիոտիկներ:

Դուք հավանաբար հիվանդանոցում կանցկացնեք 1-2 օր: Որոշ դեպքերում, երբ ի հայտ են գալիս բարդություններ, ձեր հիվանդանոցային բուժումը կարող է երկարաձգվել:

Բարդություններ

Վիրահատական բոլոր միջամտությունները, ինչպես նաև անզգայացումը կրում են որոշակի ռիսկեր:

Հնարավոր ռիսկերից են՝ վերքի վարակում, որովայնի խոռոչի վարակային բարդություններ, արյունահոսություն, աղիների կամ միզապարկի վնասվածք: Որոշ բարդություններ, օրինակ՝ պերիտոնիտը, պահանջում են կրկնակի վիրահատություն:

Լրացուցիչ տեղեկատվություն

Ապենդիցիտի մասին

Այցելե՛ք Մեդեքսի ապենդիցիտի էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության մասին:

Վիրահատական միջամտությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024