Առողջական խնդիրներ
Խոսքի ապրաքսիա

3 րոպե
Ապրաքսիան հազվադեպ հանդիպող խոսքի խանգարում է, որի ժամանակ դժվարանում են անհրաժեշտ հնչյունները և բառերն արտաբերելու համար բերանի նպատակասլաց շարժումները։
Նման դեպքերում խոսքի խանգարման մասնագետները առաջարկում են հատուկ մեթոդներ, որոնք կարող են բարելավել խոսքը։
Ի՞նչ է խոսքի ապրաքսիան
Ապրաքսիան զարգանում է, երբ գլխուղեղը չի կարողանում կարգավորել բերանի, շրթունքների, ստորին ծնոտի և լեզվի նպատակասլաց շարժումները։ Նույնիսկ եթե ապրաքսիայով անձը գիտի, թե ինչ է ցանկանում ասել, միևնույն է, դժվարանում է արտաբերել անհրաժեշտ հնչյունները, վանկերը և բառերը։
Խոսքի ապրաքսիան սովորաբար հայտնաբերվում է այն ժամանակ, երբ մանկահասակ երեխան սկսում է թոթովել իր առաջին բառերը, սակայն կարող է շարունակվել մինչև չափահաս տարիք։ Չափահասների մոտ ապրաքսիա կարող է առաջանալ գլխուղեղի վնասվածքների կամ դեմենցիայի պատճառով։
Խոսքի ապրաքիան հայտնի է նաև որպես «դիսպրաքսիա», «զարգացման վերբալ (խոսքային) դիսպրաքսիա» կամ «խոսքի մանկական ապրաքսիա»։
Խոսքի ապրաքսիայի գանգատներն ու ախտանիշները
Խոսքի ապրաքսիան խիստ հիասթափեցնող և սթրեսով լի վիճակ է, քանի որ դժվարացնում կամ անհնարին է դարձնում այլ մարդկանց հետ պատշաճ հաղորդակցումը։ Ապրաքսիայով երեխաները ավելի հավանական է, որ կունենան կարդալու և գրելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ փոքր և մեծ մկանների շարժունակության և կորդինացիայի հետ կապված դժվարություններ, նոր հմտություններ ձեռք բերելու հետ կապված խնդիրներ և այլն։
Մանկահասակ երեխաների մոտ (համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ) խոսքի ապրաքսիան կարող է ներառել հետևյալ ախտանիշները՝
- սնման հետ կապված դժվարություններ
- քչախոսություն
- խոսքի զարգացման ուշացում
- նույնիսկ ընտանիքի անդամների կողմից երեխայի խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ
- շրթունքների և լեզվի ճիշտ ու նպատակասլաց շարժումների հետ կապված դժվարություններ
- բառի սխալ արտաբերվող մասի շեշտադրում
- բառերի որոշ հնչյունների բաց թողում կամ ավելացում (օրինակ՝ «դասարան»-ի փոխարեն՝ «դասարարան»)
- խիստ աղքատիկ բառային պաշար
- դանդաղ և հաճախակի ընդմիջվող խոսք։
Խոսքի ապրաքսիայի պատճառները
Խոսքի ապրաքսիան երբեմն պատճառվում է գեներով կամ գլխուղեղի որևէ ախտահարմամբ, օրինակ՝ ինսուլտ։
Ապրաքսիան նաև կարող է կապված լինել այլ հիվանդությունների հետ, օրինակ՝ Դաունի համախտանիշ, աուտիզմի սպերկտրի խանգարում, Կուլեն դե Վրիեսի համախտանիշ և այլն։ Սակայն, ավելի հաճախ որևէ պատճառ չի հայտնաբերվում։
Խոսքի ապրաքսիան հազվադեպ հանդիպող վիճակ է։
Ինչպե՞ս է խոսքի ապրաքսիան ախտորոշվում
Եթե անհանգստացած եք, որ ձեր երեխայի մոտ կարող է լինել ապրաքսիա, դիմեք ձեր մանկաբույժին։ Ամենայն հավանականությամբ, վերջինս կարող է երեխային ուղեգրել խոսքի խանգարումների մասնագետի մոտ։ Ապրաքսիայի առկայությունը հաստատելու կամ խոսքի խանգարումը գնահատելու համար մասնագետը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ։
Այնուամենայնիվ, ապրաքսիան հաճախ չի հայտնաբերվում, քանի դեռ երեխան չի հասել 3-4 տարեկան։
Ինչպե՞ս է խոսքի ապրաքսիան բուժվում
Բուժումը ներառում է խոսքի թերապևտի հետ աշխատելը, որի նպատակն է հնչյունների ճիշտ արտասանությունը սովորելը։ Որքան շուտ սկսվեց բուժումը, այդքան ավելի լավ արդյունքներ կարող են ստացվել։ Սովորաբար նշանակվում է շաբաթական մի քանի անգամյա դասընթացներ։ Ժամանակի ընթացքում նմանատիպ դասընթացների հաճախականությունը կարող է նվազեցվել։
Կախված երեխայի տարիքից, կան խոսքի բուժման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են հնչյունների, բառերի կամ արտահայտությունների ճիշտ արտաբերմանը։ Ինչքան էլ նման միջոցառումները երեխայի համար հոգնեցուցիչ լինեն, դրանք պետք է շարունակվեն այնքան, մինչև կստացվեն ցանկալի արդյունքներ։
Օգնության կարող են գալ նաև հոգեբանները կամ խորհրդատուները։
Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: