Նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառները հասկանալու համար կարող է օգտակար է իմանալ, թե ինչպես է սովորաբար բաբախում սիրտը:
Սիրտն ունի չորս խոռոչ՝ երկու վերին (նախասրտեր) և երկու ստորին (փորոքներ): Սրտի վերին աջ խոռոչի պատին (աջ նախասիրտ) գտնվում է բջիջների խումբ, որը կոչվում է սինուսային հանգույց: Սինուսային հանգույցը սրտի բնական ռիթմավարն է: Այն արտադրում է ազդանշան, որը սկսում է յուրաքանչյուր սրտի կծկումը:
Կանոնավոր սրտի ռիթմի ժամանակ՝
- ազդանշանը տեղափոխվում է սինուսային հանգույցից սրտի երկու վերին խոռոչներով (նախասրտերով)
- ազդանշանն անցնում է վերին և ստորին խոռոչների միջև ընկած ճանապարհով, որը կոչվում է նախասիրտ-փորոքային (ատրիովենտրիկուլյար, AV) հանգույց
- ազդանշանի շարժումը ստիպում է ձեր սրտին սեղմվել (կծկվել)՝ արյուն ուղարկելով դեպի ձեր սիրտ և մարմին:
Նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում սրտի վերին խոռոչներում՝ նախասրտերում ազդանշանները քաոսային են: Արդյունքում, վերին խոռոչները ֆիբրիլացվում են (դողում են): Այնուհետև AV հանգույցը «ռմբակոծվում է» ազդանշաններով, որոնք փորձում են անցնել սրտի ստորին խոռոչներ՝ փորոքներ: Դրանց մի մասն, այնուամենայնիվ, հասնում է փորոքներ՝ առաջացնելով արագ և անկանոն սրտի ռիթմ (տախիառիթմիա):
Նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ սրտի հաճախությունը կարող է տատանվել րոպեում 100-ից մինչև 175 զարկ: Սրտի զարկերի նորմալ միջակայքը րոպեում 60-ից 100 զարկ է:
Նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառները
Սրտի կառուցվածքի հետ կապված խնդիրները նախասրտերի ֆիբրիլյացիայի ամենատարածված պատճառն են: Նախասրտերի ֆիբրիլյացիայի հնարավոր պատճառները ներառում են՝
- սրտի իշեմիկ հիվանդություն
- սրտամկանի ինֆարկտ
- սրտի արատ, որով դուք ծնվել եք (սրտի բնածին արատ)
- սրտի փականային խնդիրներ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- թոքային հիվանդություններ
- ֆիզիկական սթրես՝ առաջացած վիրահատության, թոքաբորբի կամ այլ հիվանդությունների հետևանքով
- նախկինում սրտի վիրահատություն
- սրտի բնական ռիթմավարի հետ կապված խնդիր (թույլ սինուսի համախտանիշ)
- վահանաձև գեղձի հիվանդություններ, ինչպիսին է վահանաձև գեղձի գերակտիվությունը (թիրեոտոքսիկոզ) և այլ նյութափոխանակային անհավասարակշռություն
- խթանիչների օգտագործում, ներառյալ որոշ դեղամիջոցներ, կոֆեին, ծխախոտ և ալկոհոլ
- վիրուսային վարակներ:
Նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող որոշ մարդիկ չունեն որևէ հայտնի սրտային խնդիրներ կամ սրտի վնաս:
Ռիսկի գործոններ
Նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. Որքան մեծ է մարդը, այնքան մեծ է նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը:
- Սրտային հիվանդություն. յուրաքանչյուր ոք, ով ունի սրտային հիվանդություն, ինչպիսիք են սրտի փականի հետ կապված խնդիրները, սրտի բնածին հիվանդությունը, սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը կամ ունի սրտամկանի ինֆարկտի կամ սրտի վիրահատության պատմություն, ենթարկվում է նախասրտերի ֆիբրիլյացիայի ավելի բարձր ռիսկի:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). բարձր արյան ճնշում ունենալը, հատկապես, եթե այն լավ չի վերահսկվում ապրելակերպի փոփոխություններով կամ դեղամիջոցներով, կարող է մեծացնել նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկը:
- Վահանաձև գեղձի հիվանդություն. որոշ մարդկանց մոտ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա), այդ թվում՝ նախասրտերի ֆիբրիլյացիա:
- Այլ քրոնիկ առողջական վիճակներ. որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, մետաբոլիկ համախտանիշը, քրոնիկ երիկամային հիվանդությունը, թոքային հիվանդությունը կամ քնի ապնոէն, ունեն նախասրտերի ֆիբրիլյացիայի բարձր ռիսկ:
- Ալկոհոլ խմելը. որոշ մարդկանց մոտ ալկոհոլ օգտագործելը կարող է առաջացնել նախասրտերի ֆիբրիլյացիայի դրվագ: Չափազանց շատ խմելը ավելի է մեծացնում է ռիսկը:
- Գիրություն. գիրություն ունեցող մարդիկ ենթարկվում են նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ավելի բարձր ռիսկի:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). որոշ ընտանիքներում առկա է նախասրտերի ֆիբրիլյացիայի բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024