Դաշտանադադարի միզասեռական համախտանիշը (ԴՄՀ) պատճառվում է էստրոգեն հորմոնի արտադրության կրճատմամբ:
Ավելի քիչ էստրոգենը ձեր հեշտոցային հյուսվածքները դարձնում է ավելի բարակ, ավելի չոր, պակաս առաձգական և ավելի փխրուն:
Էստրոգենի մակարդակների անկում կարող է առաջանալ՝
- դաշտանադադարից հետո (հետդաշտանադադար կամ պոստմենոպաուզա)
- դաշտանադադարին մոտենալու տարիների ընթացում (հարդաշտանադադար կամ պերիմենոպաուզա)
- երկու ձվարանների վիրահատական հեռացումից հետո (վիրաբուժական դաշտանադադար)
- կրծքով կերակրման ժամանակաշրջանում
- այնպիսի դեղամիջոցներ օգտագործելիս, որոնք կարող են ազդել էստրոգենի մակարդակների վրա (օրինակ՝ որոշ հակաբեղմնավորիչ հաբեր)
- քաղցկեղի կապակցությամբ կոնքի շրջանում անցկացված ճառագայթային թերապիայից հետո
- քաղցկեղի դեմ քիմիոթերապիա ստանալուց հետո
- որպես կողմնակի ազդեցություն՝ կրծքագեղձի քաղցկեղի հորմոնային թերապիայից հետո:
ԴՄՀ-ի գանգատներն ու ախտանիշները կարող են սկսել ձեզ անհանգստացնել դաշտանադադարին նախորդող տարիների ընթացքում կամ կարող են խնդիր չդառնալ, քանի դեռ դաշտանադադարից չի անցել մի քանի տարի: Չնայած սա տարածված վիճակ է, դաշտանադադարի տարիքի ոչ բոլոր կանայք է, որ ունեն ԴՄՀ: Կանոնավոր սեռական ակտիվությունը՝ զուգընկերոջ հետ կամ առանց դրա, կարող է օգնել ձեզ պահպանելու հեշտոցային հյուսվածքները:
Ռիսկի գործոններ
Որոշակի գործոններ կարող են նպաստել ԴՄՀ-ի առաջացմանը:
- Ծխելը. ծխախոտ ծխելը բացասաբար է ազդում ձեր արյան շրջանառության վրա և կարող է նվազեցնել արյան և թթվածնի հոսքը դեպի ձեր հեշտոց և այլ մոտակա հյուսվածքներ: Ծխելը նաև նվազեցնում է ձեր օրգանիզմում բնական էստրոգենների ազդեցությունը:
- Հեշտոցային ծննդաբերությունների բացակայություն. հետազոտողները նկարագրել են, որ այն կանայք, ովքեր երբեք հեշտոցային ճանապարհով չեն ծննդաբերել, ավելի հավանական է, որ ունենան ԴՄՀ ախտանիշներ, քան հեշտոցային (բնական) ճանապարհով ծննդաբերած կանայք:
- Սեռական ակտիվության բացակայություն․ սեռական ակտիվությունը՝ զուգընկերոջ հետ կամ առանց դրա, մեծացնում է արյան հոսքը և հեշտոցային հյուսվածքները դարձնում է ավելի առաձգական:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024