Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկն ուսումնասիրում է ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և անցկացնում մի շարք ֆիզիկական և նյարդաբանական քննություններ:
Հավասարակշռության խախտման հետ կապված պատճառը հայտնաբերելու համար բժիշկը կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ:
- Լսողության թեստեր. լսողության հետ կապված խնդիրները հաճախ կապված են հավասարակշռության խնդիրների հետ:
- Պոստուրոգրաֆիայի թեստ. այս հետազոտության ժամանակ անվտանգության գոտիները կապած վիճակում դուք փորձում եք կանգնած մնալ շարժվող պլատֆորմի վրա: Պոստուրոգրաֆիան կարող է հայտնաբերել, թե հավասարակշռության համակարգի որ մասի վրա եք դուք առավելապես հիմնվում:
- Էլեկտրոնիստագմոգրամա և վիդեոնիստագմոգրամա. այս երկու թեստերը գրանցում են ձեր աչքի շարժումները, որոնք կարևոր դեր ունեն հավասարակշռության ապահովման գործում: Էլեկտրոնիստագմոգրաման աչքի շարժումները գրանցում է էլեկտրոդների միջոցով, իսկ վիդեոնիստագմոգրաման նույն նպատակի համար օգտագործում է փոքր տեսախցիկներ:
- Պտտվող աթոռի թեստ. այս թեստի ժամանակ դուք նստում եք համակարգչով կարգավորվող և պտտվող աթոռին և վերլուծվում է ձեր աչքի շարժումները:
- Դիքս-Հոլփայքի հնարք. բժիշկը զգուշությամբ տարբեր դիրքերով պտտում է ձեր գլուխը՝ ուշադրություն դարձնելով ձեր աչքերի շարժումներին, որ հայտնաբերի, թե արդյոք ձեզ մոտ առաջանում է շարժման կամ պտտման կեղծ զգացողություն: Դիքս-Հոլփայքի թեստից հետո նիստագմի առաջացումը (աչքերի շարժման հատուկ ձև) հաճախ վկայում է բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգոյի (ԲՊԴՎ) առկայության մասին:
- Վեստիբուլյար հարուցված միոգեն պոտենցիալների թեստ. այս թեստի ընթացքում ձեր ճակատին, աչքերի տակ և պարանոցին փակցվում են էլեկտրոդային թաղանթներ, որոնց միջոցով չափվում է ձայների ազդեցությամբ մկանային կծկումների փոփոխությունները:
- Պատկերային հետազոտություններ. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կարող են հայտնաբերել հավասարակշռության խախտման բերող հիվանդությունները:
- Արյան ճնշման և սրտի ռիթմի հետազոտություններ. ձեր արյան ճնշումը կարող է չափվել մի քանի րոպե նստած մնալուց և արագ կանգնելուց հետո՝ ստուգելու, թե մարմնի դրիքի նման փոփոխությունն արդյոք ազդում է ճնշման ցուցանիշների վրա: Բժիշկը նաև կարող է ստուգել ձեր սրտի ռիթմը, որի խանգարումները կարող են առաջացնել հավասարակշռության կորուստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024