Հավասարակշռության խախտման բուժումը կախված է առաջացման պատճառից:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժումներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Հավասարակշռության վերամարզման վարժություններ (վեստիբուլյար ռեաբիլիտացիա). կան մասնագետներ, որոնք կարող են ձեզ համար կազմել հավասարակշռության վերականգնման ծրագիր: Բուժումն օգնում է անհավասարակշռության փոխհատուցմանը, հավասարակշռության թուլացմանը հարմարվելուն և ֆիզիկական ակտիվության պահպանմանը: Թերապևտը նաև կարող է սովորեցնել ընկնելու կանխարգելմանն ուղղված մեթոդներ և հմտություններ:
- Դիրքային միջոցառումներ. եթե ունեք բարորակ պարօքսիզմալ դիրքային վերտիգո, ձեր բժիշկը կարող է իրականացնել այսպես կոչված «բյուրեղների վերադիրքավորման» միջոցառումներ (մանևրներ), որոնք ձեր ներքին ականջը մաքրում են կուտակումներից և մասնիկներից՝ տեղաշարժելով դրանք ականջի այլ շրջաններ (օրինակ՝ Էփլեյի մանևր, Սեմոնտի մանևր, Բրենդտ-Դարոֆի վարժություններ և գլորման մանևրներ):
- Սննդակարգ և ապրելակերպի փոփոխություններ. Մենյերի հիվանդության կամ միգրենի ժամանակ ձեր բժիշկը կարող է առաջարկել սննդակարգի փոփոխություններ, որոնք կարող են օգնել ձեր գանգատների մեղմացմանը: Օրինակ, դուք կարող եք սահմանափակել կերակրի աղի օգտագործումը և խուսափել գանգատների վերսկսմանը նպաստող գործոններից՝ կոֆեին, ալկոհոլ և որոշ մթերքներ: Եթե ունեք պոստուրալ հիպոտենզիայի դրվագներ, ձեզ կարող են առաջարկել, որ ավելացնեք խմվող հեղուկների քանակը կամ կրեք սեղմող գուլպաներ:
- Դեղեր. մի քանի ժամ կամ օրեր տևող ծանր վերտիգոյի ժամանակ բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք կարող են մեղմացնել գլխապտույտը և փսխումները:
- Վիրահատություն. եթե ունեք Մենյերի հիվանդություն կամ լսողական (ակուստիկ) նեյրոմա, բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում: Որոշ դեպքերում ակուստիկ նեյրոման կարող է բուժվել նաև ստերեոտաքսիկ ռադիովիրահատությամբ, որը թույլ է տալիս առանց կտրվածք անելու ճառագայթման փունջը ճշգրտորեն ուղղել ուռուցքի վրա:
Իմացե՛ք նաև հավասարակշռությունը բարելավող վարժությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2021
Վերջին վերանայում՝ 20-05-2024