Բեխչետի հիվանդության ախտանշանները տարբերվում են անձից անձից և կարող են ի հայտ գալ և անհետանալ կամ ժամանակի ընթացքում քիչ թեթևանալ:
Գանգատներն ու ախտանիշները կախված են նրանից, թե օրգանիզմի որ շրջաններն են տուժել:
Բեխչետի հիվանդության ժամանակ սովորաբար ախտահարվում են հետևյալ շրջանները:
- Բերան. բերանի խոռոչի ցավոտ խոցերը, որոնք նման են քաղցկեղային խոցերին, Բեխչետի հիվանդության ամենատարածված նշանն են: Դրանք սկսվում են որպես բարձրացված, կլոր ախտահարումներ, որոնք արագ վերածվում են ցավոտ խոցերի: Խոցերը սովորաբար ապաքինվում են մեկից երեք շաբաթվա ընթացքում, սակայն կրկնվում են:
- Մաշկ. որոշ մարդկանց մարմնի վրա առաջանում են պզուկների (ակնեի) նմանվող խոցեր: Մյուսների մոտ մաշկի վրա հայտնվում են կարմիր, բարձրացված և ցավոտ հանգույցիկներ, հատկապես ոտքերի ստորին հատվածների վրա:
- Սեռական օրգաններ. տղամարդկանց մոտ՝ փոշտի (ամորձապարկ), իսկ կանանց մոտ՝ ամոթույքի վրա կարող են առաջանալ կարմրավուն բաց խոցեր: Խոցերը սովորաբար ցավոտ են և կարող են իրենցից հետո սպիներ թողնել:
- Աչքեր. աչքի բորբոքումը (ուվեիտ) առաջացնում է կարմրություն, ցավ և մշուշոտ տեսողություն, սովորաբար՝ երկու աչքերում: Բեխչետի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ այս վիճակը կարող է ալիքաձև առաջանալ և կորչել:
- Հոդեր. Բեխչետի հիվանդությամբ մարդկանց մոտ հոդերի այտուցը և ցավը հաճախ տեղակայվում են ծնկներում, սակայն նաև կարող են ներգրավվել կոճերը (սրունք-թաթային հոդեր), արմունկները կամ դաստակները: Գանգատներն ու ախտանիշները կարող են տևել մեկից երեք շաբաթ և ինքնուրույն անհետանալ:
- Արյունատար անոթներ. երակների և զարկերակների բորբոքումը կարող է առաջացնել ձեռքերի կամ ոտքերի կարմրություն, ցավ և այտուց, երբ զարգանում է արյան մակարդուկ (թրոմբ): Խոշոր զարկերակների բորբոքումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների, ինչպիսիք են անևրիզմաները և անոթի նեղացումը կամ խցանումը:
- Մարսողական համակարգ. մարսողական համակարգի խանգարումները կարող են դրսևորվել տարբեր գանգատներով և ախտանիշներով, ինչպիսիք են որովայնային ցավը, փորլուծությունը և արյունահոսությունը:
- Գլխուղեղ. գլխուղեղի և նյարդային համակարգի բորբոքումները կարող են առաջացնել գլխացավ, ջերմություն, ապակողմնորոշում, վատ հավասարակշռություն կամ ինսուլտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և հանդիպեք ձեր բժշկին, եթե նկատում եք անսովոր գանգատներ և ախտանիշներ, որոնք կարող են վկայել Բեխչետի հիվանդության մասին: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է այս խանգարումը, դիմեք ձեր բժշկին, եթե նկատեք նոր գանգատներ և ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024