Բեխչետի հիվանդությունը բուժում չունի, սակայն բժիշկը կարող է դեղամիջոցներ առաջարկել թեթև ընթացող հիվանդության սրացումներին (ռեցիդիվներին) ուղեկցող ցավն ու բորբոքումը վերահսկելու համար:
Սրացումների միջև, երբ հիվանդությունը «քնած է» (ռիմիսիա), դեղորայք օգտագործելու կարիքը կարող է ժամանակավորապես վերանալ:
Ավելի ծանր գանգատների և ախտանիշների դեպքում ձեր բժիշկն, ի լրումն հիվանդության սրացման դեմ դեղամիջոցների, կարող է նշանակել լրացուցիչ դեղեր՝ ձեր օրգանիզմում բորբոքումը վերահսկելու համար:
Բեխչետի հիվանդության առանձին ախտանիշների բուժումը
Հիվանդության սրացումների («բռնկման») ժամանակ ձեր գանգատներն ու ախտանիշները վերահսկելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ բուժումները:
- Մաշկային նրբաքսուքներ (կրեմներ), գելեր և քսուքներ. տեղային կորտիկոստերոիդային դեղամիջոցները կիրառվում են անմիջապես մաշկի և սեռական օրգանների խոցերի վրա՝ նվազեցնելու բորբոքումն ու ցավը:
- Բերանի խոռոչի ողողումներ. հատուկ բերանի ողողման միջոցների օգտագործումը, որոնք պարունակում են կորտիկոստերոիդներ և այլ միջոցներ, կարող է նվազեցնել խոցերի պատճառած ցավը:
- Աչքի կաթիլներ. կորտիկոստերոիդներ կամ այլ հակաբորբոքային դեղամիջոցներ պարունակող աչքի կաթիլները կարող են թեթևացնել աչքերի ցավն ու կարմրությունը, եթե բորբոքումը թեթև է:
Բեխչետի հիվանդության համակարգային բուժումը
Եթե տեղային օգտագործման դեղամիջոցները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոց, որը կոչվում է Կոլխիցին (Կոլկրիս, Միտիգարե)՝ բերանի խոռոչի և սեռական օրգանների կրկնվող խոցերի լավացման համար: Կոլխիցինը նաև կարող է թուլացնել հոդերի այտուցը և ցավը:
Բեխչետի հիվանդության ծանր դեպքերը պահանջում են բուժում՝ վերահսկելու սրացումների միջև հիվանդության առաջացած վնասը: Եթե ունեք միջին և ծանր աստիճանի Բեխչեթի հիվանդություն, ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ միջոցներից մեկնումեկը կամ մի քանիսի համակցությունը:
- Կորտիկոստերոիդներ՝ բորբոքումը վերահսկելու համար. բերանային (օրալ) կորտիկոստերոիդները, օրինակ՝ Պրեդնիզոնը, նշանակվում են Բեհչետի հիվանդության պատճառով առաջացած բորբոքումը նվազեցնելու համար։ Բժիշկները հաճախ դրանք նշանակում են այլ դեղամիջոցների հետ զուգակցված, որ ճնշեն ձեր իմունային համակարգի գերակտիվությունը: Կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցություններից են քաշի ավելացումը, մշտական այրոցքը, բարձր արյան ճնշումը և ոսկորների փխրունացումը (օստեոպորոզ):
- Դեղամիջոցներ, որոնք ճնշում են գերակտիվացած իմունային համակարգը. Բեխչետի հիվանդության հետ կապված բորբոքումը կարող է մեղմացվել դեղամիջոցներով, որոնք կանխում են ձեր իմունային համակարգի հարձակումը առողջ հյուսվածքների վրա: Այս դեղերից են՝ Ազաթիոպրին (Ազասան, Իմուրան), Ցիկլոսպորին (Գենգրաֆ, Նեորալ, Սանդիմուն) և Ցիկլոֆոսֆամիդ: Այս դեղամիջոցները կարող են մեծացնել ձեր վարակվելու ռիսկը: Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններից են լյարդի և երիկամների հետ կապված խնդիրները, արյան բջիջների ցածր մակարդակը և բարձր արյան ճնշումը:
- Դեղորայք, որոնք փոփոխում են իմունային համակարգի արձագանքը. Ինտերֆերոն ալֆա-2b դեղամիջոցը (Ինտրոն A) կարգավորում է բորբոքումը վերահսկելու գործում ձեր իմունային համակարգի գործունեությունը: Բեխչետի հիվանդությամբ մարդկանց մոտ այն կարող է օգտագործվել առանձին կամ այլ դեղամիջոցների հետ զուգակցված՝ վերահսկելու մաշկային խոցերը, հոդացավը և աչքի բորբոքումը: Կողմնակի ազդեցություններից են գրիպանման գանգատները և ախտանիշները, ինչպիսիք են մկանային ցավը և հոգնածությունը: Դեղամիջոցները, որոնք արգելափակում են ուռուցքային նեկրոզի գործոն (ՈւՆԳ, TNF) կոչվող նյութը, արդյունավետ են Բեհչետի հիվանդության որոշ գանգատների և ախտանիշների բուժման համար հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ավելի ծանր կամ կայուն ախտանիշներ: Օրինակներից են Ինֆլիքսիմաբը (Ռեմիկադ) և Ադալիմումաբը (Հումիրա): Կողմնակի ազդեցություններից են գլխացավը, մաշկի ցանը և վարակների բարձր ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024