Շագանակագեղձի ադենոմա. պատճառներ
07-04-2021
1 րոպե

Շագանակագեղձը գտնվում է միզապարկի ետևում: Մեզը միզապարկից դեպի առնանդամ տեղափոխվում է նեղ խողովակով՝ միզուկով, որն անցնում է շագանակագեղձի կենտրոնով:
Երբ շագանակագեղձը մեծանում է (գերաճ կամ հիպերպլազիա), սկսում է խոչընդոտել մեզի հոսքը:
Տղամարդկանց մեծ մասի շագանակագեղձը կյանքի ընթացքում աստիճանաբար և շարունակաբար մեծանում է: Բազմաթիվ տղամարդկանց շագանակագեղձը կարող է այնքան մեծանալ, որ առաջացնի միզային ախտանիշներ կամ արգելափակի մեզի հոսքը՝ առաջացնելով սուր միզակապություն:
Դեռևս լիարժեք պարզ չէ, թե ինչու է որոշ տղամարդկանց շագանակագեղձը մեծանում: Այնուամենայնիվ, սա կարող է կապված լինել մեծ տարիքում զարգացող սեռական հորմոնների հավասարակշռության շեղումների հետ:
Ռիսկի գործոններ
Շագանակագեղձի ադենոմայի առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ:
- Տարիք. մեծացած շագանակագեղձը հազվադեպ է խնդիրներ առաջացնում մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում: Սակայն, արդեն 60 տարեկանում տղամարդկանց շուրջ մեկ երրորդի, իսկ 80-ում՝ շուրջ կեսի մոտ ի հայտ են գալիս շագանակագեղձի ադենոմայի չափավորից մինչև ծանր ախտանիշներ:
- Ընտանեկան պատմություն. շագանակագեղձի ադենոմայով արյունակից հարազատ՝ հայր կամ եղբայր ունենալը մեծացնում է ձեզ մոտ նույն հիվանդության զարգացման հավանականությունը:
- Դիաբետ և սրտային հիվանդություն. հետազոտությունները վկայում են, որ դիաբետը, ինչպես նաև սրտային հիվանդությունը և բետա-բլոկատորների օգտագործումը կարող է բարձրացնել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ռիսկը:
- Կենսակերպ. գիրությունը բարձրացնում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ռիսկը, մինչդեռ ֆիզիկական վարժանքները կարող են նվազեցնել այդ ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021