Մեծացած շագանակագեղձը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Սուր միզակապություն. սուր միզակապությունը պահանջում է միզապարկի կաթետերիզացիա, որը թույլ է տալիս դատարկել միզապարկում «խցանված» մեզը: Միզակապության որոշ տեսակների դեպքում նաև կարող է առաջարկվել մեզի արտահոսքը վերականգնող վիրահատական միջամտություն:
- Միզուղիների վարակներ. միզապարկն ամբողջությամբ դատարկելու անհնարինությունը կարող է բարձրացնել միզուղիների վարակի ռիսկը: Միզուղիների վարակի հաճախակի կրկնությունը կարող է դառնալ շագանակագեղձի մի մասի հեռացման ցուցում:
- Միզապարկի քարեր. միզապարկի ոչ լրիվ դատարկումը և մնացորդային (կանգային) մեզը նաև կարող է նպաստել միզապարկի խոռոչում քարերի առաջացմանը: Միզապարկի քարերն իրենց հերթին կարող են առաջացնել վարակ, միզապարկի գրգռում, մեզում արյուն (հեմատուրիա) կամ մեզի հոսքի խցանում:
- Միզապարկի վնասում. միզելուց հետո միզապարկի ոչ լիարժեք դատարկումը (մնացորդային մեզ) կարող է բերել միզապարկի ձգման, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է թուլության: Արդյունքում, միզապարկի մկանային պատն այլևս չի կարողանում նորմալ կծկվել, որն ավելի է դժվարացնում միզապարկի դատարկումը:
- Երիկամի վնասում. միզակապությանն ուղեկցող միզապարկի ներսում բարձր ճնշումը կարող է ուղղակիորեն վնասել երիկամները կամ նպաստել միզապարկի վարակի վերել տարածմանը դեպի երիկամներ:
Մեծացած շագանակագեղձով տղամարդկանց մեծ մասի մոտ այս բարդությունները չեն զարգանում: Սակայն սուր միզակապությունը և երիկամների վնասումը կարող են բերել լուրջ առողջական հետևանքների:
Մեծացած շագանակագեղձ ունենալը դեռ չի նշանակում, որ ունեք շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024