Գրադարան

Շագանակագեղձի ադենոմա. ախտանիշներ

Շագանակագեղձի ադենոմա. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Շագանակագեղձի մեծացում ունեցող մարդկանց մոտ ախտանիշների ծանրության աստիճանը տարբեր է, սակայն ախտանշաններն ունեն ժամանակի ընթացքում աստիճանաբար վատթարանալու հակում:

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • հաճախակի կամ հրատապ միզելու անհրաժեշտություն (հաճախամիզություն)
  • գիշերը միզելու հաճախության ավելացում (նոկտուրիա)
  • միզելը սկսելու դժվարություն
  • մեզի թույլ շիթ կամ շիթ, որը դադարում և սկսվում է
  • միզելու վերջում մեզի արտահոսք
  • միզապարկն ամբողջությամբ դատարկելու անկարողություն (կամ նման զգացողություն):

Ավելի քիչ տարածված գանգատներից ու ախտանիշներից են՝

  • միզուղիների վարակ
  • միզելու անկարողություն (միզակապություն)
  • արյուն մեզի մեջ (արյունամիզություն)

Շագանակագեղձի չափը պարտադիր չէ, որ կանխորոշի ախտանիշների ծանրությունը: Միայն թեթևակի մեծացած շագանակագեղձով որոշ տղամարդիկ կարող են ունենալ զգալի ախտանիշներ, մինչդեռ շատ մեծացած շագանակագեղձ ունեցող մյուս տղամարդիկ կարող են ունենալ միայն թեթև միզարձակման ախտանիշներ:

Որոշ տղամարդկանց մոտ ախտանշաններն ի վերջո կայունանում են և ժամանակի ընթացքում կարող են նույնիսկ բարելավվել:

Միզարձակման ախտանիշների այլ հնարավոր պատճառներ

Մեծացած շագանակագեղձի նման ախտանիշներ կարող են առաջացնել այլ հիվանդություններ ևս, որոնցից են՝

  • միզուղիների վարակ
  • շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ)
  • միզուկի նեղացում (ստրիկտուրա)
  • նախորդ վիրահատության հետևանքով միզապարկի վզիկի սպի
  • միզապարկի կամ երիկամի քարեր
  • միզապարկը վերահսկող նյարդերի հետ կապված խնդիրներ
  • շագանակագեղձի կամ միզապարկի քաղցկեղ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ունեքմիզելու հետ կապված խնդիրներ, քննարկեք դրանք ձեր բժշկի հետ: Նույնիսկ եթե այդ խնդիրներն անհանգստացնող չեք համարում, կարևոր է գտնել կամ բացառել հիմքում ընկած պատճառները: Չբուժված միզարձակության խնդիրները կարող են հանգեցնել միզուղիների խցանման:

Եթե դուք չեք կարողանում միզել, անհապաղ դիմեք բժշկի:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով