Երեկոյան ժամերին սահմանափակե՛ք ըմպելիքների օգտագործումը. անկողին մտնելուց 1-2 ժամ առաջ մի խմեք որևէ բան, որպեսզի հնարավորինս խուսափեք գիշերային ժամերին զուգարան գնալուց:
Սահմանափակե՛ք կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը. կոֆեինը և ալկոհոլը կարող են շատացնել միզարձակումը, գրգռել միզապարկը և վատթարացնել մեծացած շագանակագեղձի ախտանիշները:
Սահմանափակե՛ք դեկոնգեստանտների կամ հակահիստամինային դեղամիջոցների օգտագործումը. քթի փակվածության կամ քթահոսության ժամանակ օգտագործվող այս դեղերը կարող են բարձրացնել միզուկը շրջապատող մկանախրձերի տոնուսը և դժվարացնել միզարձակումը:
Մտե՛ք զուգարան միզելու առաջին իսկ պահանջի դեպքում. երկար սպասումը գերլարում է միզապարկի մկանները և նպաստում ժամանակի ընթացքում դրանց թուլացմանը:
Կանոնավորե՛ք զուգարան մտնելը. փորձեք միզել կանոնավոր ժամերին, օրինակ՝ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ, որը թույլ է տալիս «մարզել» ձեր միզապարկը: Այս հնարքն առանձնահատուկ օգտակար է, եթե դուք ունեք արտահայտված հաճախամիզություն կամ անկարող եք զսպել միզելու ցանկությունը:
Հետևե՛ք առողջ սննդակարգին. գիրությունը կապված է շագանակագեղձի գերաճի հետ, ուստի փորձեք սննդակարգի առողջացմամբ ազատվել հավելյալ քաշից:
Մնացե՛ք ակտիվ. ֆիզիկական ոչ ակտիվ կյանքը նպաստում է միզակապությանը: Նույնիսկ թեթև ֆիզիկական վարժանքները կարող են օգնել գերաճած շագանակագեղձով պայմանավորված միզային խնդիրների մեղմացմանը:
Միզեք, որից քիչ անց՝ կրկին միզեք. այսպիսի հնարքը կոչվում է կրկնակի միզարձակում և կանխում է առաջին միզելուց հետո միզապարկում մնացած մեզի ակամա արտահոսքը:
Պահե՛ք ձեզ տաք. սառը ջերմաստիճանը կարող է առաջացնել միզակապություն կամ միզելու ցանկության սաստկացում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։