Առկա է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման լայն տեսականի, այդ թվում՝ դեղեր, նվազագույն ինվազիվ թերապիաներ և վիրահատություն:
Ձեզ համար բուժման լավագույն ընտրությունը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝
- ձեր շագանակագեղձի չափը
- ձեր տարիքը
- ձեր ընդհանուր առողջական վիճակը
- ձեր անհարմարավետության (դիսկոմֆորտ) կամ ձեզ պատճառվող անհանգստության չափը:
Եթե ձեր ախտանիշները տանելի են, դուք կարող եք որոշել հետաձգել բուժումը և պարզապես հետևել ձեր ախտանիշներին: Որոշ տղամարդկանց մոտ ախտանշանները կարող են թեթևանալ առանց բուժման:
Դեղորայքային բուժում
Դեղորայքային բուժումը շագանակագեղձի մեծացման մեղմ և չափավոր ախտանիշների ամենատարածված բուժումն է: Ընտրանքները ներառում են հետևյալը:
- Ալֆա պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները թուլացնում են միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը՝ հեշտացնելով միզելը: Ալֆա պաշարիչները սովորաբար արագ են ազդում համեմատաբար փոքր շագանակագեղձ ունեցող տղամարդկանց մոտ: Օրինակներից են՝ Ալֆուզոսին (Ուրոքսատրալ), Դոքսազոսին (Կարդուրա), Տամսուլոսին (Ֆլոմաքս) և Սիլոդոսին (Ռապաֆլո): Կողմնակի ազդեցություններից են՝ գլխապտույտ և մի անվնաս վիճակ, երբ սերմնահեղուկը առնանդամի ծայրից դուրս գալու փոխարեն վերադառնում է միզապարկ (հետադարձ սերմնաժայթքում):
- 5-ալֆա ռեդուկտազի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցները փոքրացնում են ձեր շագանակագեղձը` կանխելով հորմոնալ փոփոխությունները, որոնք առաջացնում են շագանակագեղձի աճ: Օրինակներից են՝ Ֆինաստերին (Պրոսկար) և Դուտաստերիդ (Ավոդարտ): Այս դեղամիջոցների բուժական ազդեցությունը կարող է դրսևորվել մինչև վեց ամիս օգտագործելուց հետո: Կողմնակի ազդեցություններից է հետադարձ սերմնաժայթքումը:
- Համակցված դեղորայքային բուժում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ միաժամանակ ընդունել ալֆա-պաշարիչ և 5-ալֆա ռեդուկտազի արգելակիչ, եթե դրանցից մեկնումեկն առանձին արդյունավետ չէ:
- Տադալաֆիլ (Սիալիս). հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորաբար էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման մեջ նշանակվող Տադալաֆիլը կարող է բուժել շագանակագեղձի մեծացումը:
Նվազագույն ինվազիվ կամ վիրահատական բուժում
Բուժման այս տարբերակը կարող է առաջարկվել, եթե՝
- ձեր ախտանիշները միջինից ծանր են
- դեղամիջոցները չեն մեղմացրել ձեր ախտանիշները
- դուք ունեք միզուղիների խցանում, միզապարկի քարեր, մեզում արյուն կամ երիկամների հետ կապված խնդիրներ
- դուք նախընտրում եք վերջնական բուժում:
Նվազագույն ինվազիվ կամ վիրահատական բուժում չի առաջարկվում, եթե ունեք՝
- չբուժված միզուղիների վարակ
- միզուկի նեղացման (ստրիկտուրային) հիվանդություն
- շագանակագեղձի ճառագայթային բուժման կամ միզուղիների վիրահատության պատմություն
- նյարդաբանական խանգարումներ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը:
Շագանակագեղձի ցանկացած տեսակի միջամտություն կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ: Կախված ձեր ընտրած միջամտությունից, բարդությունները կարող են ներառել՝
- սերմնահեղուկը ետ է հոսում միզապարկ՝ սերմնաժայթքման ժամանակ առնանդամի միջով դուրս գալու փոխարեն (հետադարձ սերմնաժայթքում)
- միզելու ժամանակավոր դժվարություն
- միզուղիների վարակ
- արյունահոսություն
- էրեկտիլ դիսֆունկցիա
- շատ հազվադեպ՝ միզապարկի վերահսկողության կորուստ (անմիզապահություն):
Կան նվազագույն ինվազիվ կամ վիրահատական բուժման մի քանի տեսակներ:
Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (տրանսուրետրալ ռեզեկցիա, TURP)
Միզուկով ներմուծված էնդոսկոպով հեռացվում է արտաքին մասից բացի ամբողջ շագանակագեղձը: TURP-ն, ընդհանուր առմամբ, արագորեն թեթևացնում է ախտանիշները, և տղամարդկանց մեծամասնության մոտ միջամտությունից անմիջապես հետո մեզի հոսքն ուժեղանում է: TURP-ից հետո կարող է ժամանակավորապես անհրաժեշտ լինել կաթետեր՝ ձեր միզապարկի դատարկման համար:
Շագանակագեղձի ներմիզուկային հատում (տրանսուրետրալ ինցիզիա, TUIP)
Միզուկով ներմուծված էնդոսկոպով վիրաբույժը մեկ կամ երկու փոքր կտրվածք է անում շագանակագեղձի մեջ, որը հեշտացնում է մեզի անցումը միզուկով: Այս վիրահատությունը կարող է առաջարկվել, եթե ունեք փոքր կամ չափավոր մեծացած շագանակագեղձ, հատկապես, եթե ունեք առողջական խնդիրներ, որոնք չափազանց ռիսկային են դարձնում այլ վիրահատությունները:
Տրանսուրետրալ միկրոալիքային թերմոթերապիա (TUMT)
Բժիշկը ձեր միզուկով դեպի շագանակագեղձ ներմուծում է հատուկ էլեկտրոդ: Էլեկտրոդից ստացվող միկրոալիքային էներգիան ոչնչացնում է մեծացած շագանակագեղձի ներքին մասը՝ փոքրացնելով այն և հեշտացնելով մեզի արտահոսքը: TUMT-ը կարող է միայն մասամբ թեթևացնել ձեր ախտանիշները, և արդյունքները կարող են դրսևորվել որոշ ժամանակ հետո: Այս վիրահատությունը սովորաբար օգտագործվում է միայն փոքր շագանակագեղձի համար հատուկ իրավիճակներում, քանի որ կարող է անհրաժեշտ լինել կրկնակի բուժում:
Տրանսուրետրալ ասեղային աբլացիա (TUNA)
Այս միջամտությամբ ձեր միզուկում տեղադրված էնդոսկոպով շագանակագեղձի մեջ տեղադրվում են ասեղներ: Ռադիոալիքներն անցնում են ասեղներով՝ տաքացնելով և ոչնչացնելով շագանակագեղձի ավելցուկային և մեզի հոսքն արգելափակող հյուսվածքը: Այս միջամտությունը կարող է առաջարկվել որոշ դեպքերում, սակայն ներկայում հազվադեպ է օգտագործվում:
Լազերային բուժում
Բարձր էներգիայի լազերը ոչնչացնում կամ հեռացնում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքը: Լազերային թերապիան, ընդհանուր առմամբ, անմիջապես թեթևացնում է ախտանիշները և ունի կողմնակի ազդեցությունների ավելի քիչ ռիսկ, քան ոչ լազերային վիրահատությունը: Լազերային թերապիան կարող է օգտագործվել այն տղամարդկանց մոտ, ովքեր չեն կարող շագանակագեղձի այլ միջամտություններ անցնել, քանի որ ընդունում են արյունը նոսրացնող դեղամիջոցներ (հակամակարդիչներ):
Բաց կամ ռոբոտ–օժանդակող պրոստատէկտոմիա
Վիրաբույժը կատարում է որովայնի ստորին շրջանում լայնակի կտրվածք, հասնում շագանակագեղձին և հեռացնում այն: Բաց շագանակագեղձի հեռացումը սովորաբար կատարվում է, եթե դուք ունեք շատ մեծ շագանակագեղձ, միզապարկի վնասում կամ այլ բարդացնող գործոններ: Վիրահատությունից հետո դուք կարճ ժամանակ եք անցկացնում հիվանդանոցում: Վիրահատությունն ունի արյունահոսության և արյան փոխներարկման անհրաժեշտության բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024