Առողջական խնդիրներ

Բլեֆարիտ (կոպաբորբ)

Բլեֆարիտ (կոպաբորբ)

Time Read 2 րոպե

Բլեֆարիտը աչքի կոպերի բորբոքումն է, որն ուղեկցվում է կոպերի ցավոտությամբ, կարմրությամբ և այտուցվածությամբ:

Բլեֆարիտի տեսակներից մեկն է «տիկնակլունձը» (գորդեոլում):

Բլեֆարիտը սովորաբար ախտահարում է զույգ ակնակոպերը: Այն չի առաջացնում տեսողական խնդիրներ, թեև կարող է որոշակի անհարմարավետության զգացում հարուցել:

Բլեֆարիտը կրկնվելու հակում ունի, սակայն դուք կարող եք կանխարգելել այն:

Բլեֆարիտի պատճառները

Բլեֆարիտի ամենահաճախ հանդիպող պատճառը բակտերիալ վարակն է (օրինակ՝ ոսկեզօծ ստաֆիլոկոկ՝ Staph. aureus): Վարակը կարող է տեղակայվել թարթիչների հիմքում կամ կոպեզրի գեղձերում:

Բլեֆարիտի այլ պատճառներից են՝

  • կոպեզր բացվող Զեյսի ճարպագեղձերի արտահանող ծորանների խցանում
  • աչքի կաթիլների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ
  • մաշկային խնդիրներ, օրինակ՝ թեփ կամ ռոզացեա (վարդագույն ակնե):

Բլեֆարիտի ախատնիշները

Եթե դուք ունեք բլեֆարիտ, դուք կարող եք նշել՝

  • աչքում օտար մարմնի (փոշու) առկայության զգացողություն
  • աչքերի և կոպերի շրջանի քոր կամ այրոցի զգացողություն
  • կոպեզրի կարմրություն
  • աչքերի արցունքակալում
  • լույսի հանդեպ գերզգայունություն (ուժեղ լույսի անտանելիություն)
  • առավոտյան արթնանալիս կոպեզրի և թարթիչների հիմքում թեփոտություն և կեղևիկների առկայություն («ճպռոտում»):

Բլեֆարիտների ինքնօգնությունը

Բլեֆարիտը բուժելու համար դուք կարող եք՝

  • աչքի դրսային անկյունից դեպի քիթը ուղղությամբ նուրբ մերսել ձեր կոպը
  • մաքրել ձեր կոպերը՝
    • մաքուր ջրով
    • կոպերը մաքրող միջոցներով
    • նոսրացված մանկական հիպոալերգիկ շամպունով (2 կաթիլը 1/2 բաժակ գոլ ջրում, որից հետո թրջեք մաքուր անձեռոցիկն այս լուծույթով և նուրբ կերպով մաքրեք ձեր կոպերը):
  • օրը մի քանի անգամ օգտագործել տաք կոմպրեսներ (5-10 րոպե):

Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա մի քանի օր հրաժարվեք դրանցից, քանի դեռ կոպի այտուցվածությունը չի վերացել:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե մի քանի օրվա ընթացքում բլեֆարիտի նշանները չեն անհետանում, ապա դիմեք ձեր բժշկին:

Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեր աչքերը: Եթե նա կասկածի բակտերիալ վարակի առկայություն, ապա կարող է նշանակել հակաբիոտիկային որևէ քսուք, իսկ կոպի այտուցը մեղմացնելու համար՝ ստերոիդային աչքի կաթիլներ:

Բժիշկը կարող է նաև ստուգել և բուժել ուղեկցող հիվանդություններն ու վիճակները, որոնք կարող են հանդիսանալ բլեֆարիտի կրկնվելու պատճառ (օրինակ՝ սեբորեային թեփը կամ չոր աչքերի համախտանիշը):

Բլեֆարիտի կանխարգելումը

Բլեֆարիտի կրկնվելը կանխարգելելու համար հետևեք ձեր կոպերի հիգիենային և մաքրությանը և հրաժարվեք աչքերի շուրջը շպար կամ կոսմետիկ միջոցներ քսելուց:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2019 վերանայվել է՝ 28-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով