Բոտուլիզմի ախտանիշները կապված են հարուցիչի՝ կլոստրիդիում բոտուլինումի (C. botulinum) կողմից արտադրվող թույներով (տոքսիններ):
Սննդային (սննդածին) բոտուլիզմ
Սննդային բոտուլիզմի ախտանշանները սովորաբար սկսվում են թույնը (տոքսինը) օրգանիզմ թափանցելուց 12-36 ժամ հետո: Սակայն, կախված նրանից, թե որքան տոքսին եք կուլ տվել, ախտանիշների սկիզբը կարող է տատանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր:
Սննդածին բոտուլիզմի ախտանիշները ներառում են՝
- կուլ տալու կամ խոսելու դժվարություն
- բերանի չորություն
- դեմքի թուլություն՝ դեմքի երկու կողմերում
- մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա)
- կախված կոպեր
- դժվարացած շնչառություն
- սրտխառնոց, փսխում և ստամոքսի կծկանքներ (սպազմ)
- լուծանք (պարալիչ):
Վերքային բոտուլիզմ
Վերքային բոտուլիզմի ախտանիշներն ի հայտ են գալիս թույնի օրգանիզմ մտնելուց մոտ 10 օր հետո: Վերքային բոտուլիզմի ախտանիշները ներառում են՝
- կուլ տալու կամ խոսելու դժվարություն
- դեմքի թուլություն՝ դեմքի երկու կողմերում
- մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա)
- կախված կոպեր
- դժվարացած շնչառություն
- լուծանք (պարալիչ):
Վերքի շրջակայքը միշտ չէ, որ կարող է այտուցված լինել և փոխել գույնը:
Մանկական բոտուլիզմ
Խնդիրները հիմնականում սկսվում են երեխայի օրգանիզմ (աղիքներ) սպորների ներթափանցումից 18-36 ժամ հետո: Ախտանիշները ներառում են՝
- փորկապություն, որը հաճախ առաջին ախտանիշն է և հաճախ մնում է աննկատ
- թուլացած շարժումներ մկանների թուլության և գլուխը պահելու դժվարության պատճառով
- թույլ լաց
- դյուրագրգռություն
- թքահոսություն
- կախված կոպեր
- հոգնածություն
- կաթը ծծելու կամ կերակրման խնդիրներ
- լուծանք (պարալիչ):
Որոշ ախտանշաններ սովորաբար կապված չեն բոտուլիզմի հետ: Օրինակ, բոտուլիզմը սովորաբար չի բարձրացնում արյան ճնշումը, չի արագացնում սրտազարկը, չի բարձրացնում ջերմություն կամ չի առաջացնում շփոթվածություն: Սակայն, երբեմն վերքային բոտուլիզմը կարող է առաջացնել ջերմություն:
Յատրոգեն բոտուլիզմ
Յատրոգեն բոտուլիզմի դեպքում, երբ թույնը ներարկվում է կոսմետիկ կամ բժշկական նպատակներով, հազվադեպ գրանցվել են լուրջ կողմնակի ազդեցություններ: Դրանք կարող են ներառել գլխացավը, դեմքի կաթվածը և մկանների թուլությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Շտապ բժշկական օգնություն փնտրեք, եթե կասկածում եք, որ ունեք բոտուլիզմ: Սկզբնական բուժումը մեծացնում է ձեր ապրելու հնարավորությունները և նվազեցնում բարդությունների ռիսկը:
Բժշկական օգնության արագ ստացումը նաև կարող է զգուշացնել հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաներին սննդի միջոցով բոտուլիզմի դրվագների մասին: Նրանք կարող են այլ մարդկանց ետ պահել աղտոտված սնունդ ուտելուց: Այնուամենայնիվ, հիշեք, որ բոտուլիզմը չի կարող փոխանցվել մարդուց մարդու:
Բոտուլիզմի անսովոր բռնկումը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հստակ կապ չունեն վարակի հետ, որը զարգանում է մոտ 12-48 ժամվա ընթացքում, կարող է կենսաահաբեկչության կասկածներ առաջացնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 25-04-2024