Առողջական խնդիրներ
Բոտուլիզմ

3 րոպե
Բոտուլիզմը հազվադեպ հանդիպող, սակայն ծանր հիվանդություն է, որը զարգանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից։
C. botulinum բակտերիայի սպորները առկա են արտաքին միջավայրում և հաճախ ապրում են հողի մեջ: Հիվանդությունն առաջանում է ոչ թե այս բակտերիայի սպորով վարակվելիս, այլ դրանց արտադրած թույնով՝ բոտուլոտոքսինով: Կարևոր է հիշել, որ C. botulinum բակտերիաները իրենց թույնն արտադրում են անօդ (անաերոբ) պայմաններում (օրինակ՝ պահածոներում):
Բոտուլիզմը համարվում է խիստ հազվադեպ հանդիպող, սակայն ծանր ընթացքով և բարդություններով հիվանդություն:
Ինչպե՞ս դուք կարող եք հիվանդանալ բոտուլիզմով
Դուք կարող եք բոտուլիզմով հիվանդանալ երկու տարբեր ճանապարհներով՝
- սննդի միջոցով, սովորաբար՝ մեղր, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, պահածոյացված մթերքներ, միս, ծովամթերք և փափուկ (հալած) պանիր
- վերքերի միջոցով, որն ավելի հաճախ հանդիպում է հողագործների, այգեգործների, ինչպես նաև ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց շրջանում:
Կա բոտուլիզմի մի տեսակ, որը կոչվում է նորածնային բոտուլիզմ: Այս դեպքում բակտերիաները հայտնվում են նորածնի աղիներում սննդի միջոցով և աղիների անօդ պայմաններում էլ արտադրում են բոտուլոտոքսինը: Ավելի հաճախ նորածնային բոտուլիզմը կապում են մեղրի ընդունման հետ: Նորածինների մոտ առաջին կլինիկական ախտանիշը լինում է փորկապությունը, որը հաճախ մնում է աննկատ:
Բոտուլիզմն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց միջև և դուք չեք կարող մեկ այլ մարդուց բոտուլիզմ վարակվել:
Բոտուլիզմի ախտանիշները
Բոտուլիզմի ամենահաճախ հանդիպող նշանը խիստ արտահայտված ընդհանուր թուլությունն է՝ այնպիսի թուլություն, երբ մարդուն դժվար է լինում բացել աչքերը, խոսել և անգամ շնչել: Որոշ դեպքերում բոտուլիզմն ունենում է մահացու ելք (դեպքերի 5-10%):
Բոտուլիզմով չափահասների մոտ կարող են զարգանալ նաև փորլուծություն և փսխումներ, բերանի չորություն և տեսողության մշուշոտում (բոտուլիզմին բնորոշ դիպլոպիայով): Ծանր դեպքերում բոտուլիզմը բերում է շնչառական մկանների աշխատանքի թուլացման և շնչառության դժվարացման, անգամ՝ կանգի:
Բոտուլզմով մանկահասակ երեխաները չեն կարող նկարագրել, թե ինչ են զգում: Նման դեպքերում առաջնային է դառնում լացելու, սնունդ և ջուր ընդունելու, շարժվելու հետ կապված դժվարությունները:
Բոտուլիզմի բուժումը
Եթե կասկածում եք, որ դուք կամ ինչ-որ մեկը ունի բոտուլիզմ, անհապաղ դիմեք բժշկին կամ հնարավորինս արագ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության կամ ռեանիմացիոն բաժանմունք:
Որքան շուտ սկսվեց բոտուլիզմի բուժումը, այդքան բուժման արդյունքները կարող են դառնալ ավելի արդյունավետ, իսկ ուշացնելը կարող է հիվանդության բուռն զարգանալը դարձնել անկանխատեսելի ելքով:
Բոտուլիզմի բուժումը կատարվում է հատուկ հակաթույնի՝ հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով։
Բոտուլիզմի կանխարգելումը
Բոտուլիզմը խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն դուք կարող եք էլ ավելի նվազեցնել ռիսկը՝
- նորածիններին մեղր չտալով
- նորածիններին կրծքի կաթով կերակրելով
- տնային պայմաններում պահածո պատրաստելուց հնարավորինս խուսափելով. հիշեք, որ սպորները կարող են կենսունակ մնալ 100°C պայմաններում (իրականում բոտուլիզմից խուսափելու համար պահածոները պետք է եռացվեն 121°C-ում մոտավորապես 3 րոպե), ուստի համոզվեք, որ պահածոյացվող մթերքները լավ լվացված ու եփված են, իսկ տարաները լիարժեք ստերիլիզացված
- երբեք չօգտագործելով ժամկետանց, վնասված կամ աղտոտված տուփով պահածոներ
- հողի հետ գործ ունենալիս կամ այգեգործությամբ զբաղվելիս բաց վերքերը վիրակապով կամ կպչուն սպեղանիով փակելով:
Հիշեք նաև, որ բոտուլիզմի տոքսինը ոչնչանում է բարձր ջերմաստիճանային պայմաններում, ուստի տանը պատրաստված պահածոները ուտելուց մոտավորապես 10 րոպե առաջ պետք է եռացնել։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: