Գլխուղեղային անոթների անևրիզմաներն առաջանում են գլխուղեղային զարկերակների պատերի թուլացման և բարակեցման պատճառով:
Անևրիզմաները հաճախ ձևավորվում են զարկերակների ճյուղավորումներում կամ ճյուղերում, քանի որ անոթների այդ հատվածներն ավելի թույլ են: Դրանք կարող են ձևավոևվել գլխուղեղի ցանկացած շրջանում, սակայն առավել տարածված են գանգի հիմային շրջանի զարկերակներում:
Երբ անևրիզման պատռվում է և արյունն արտահոսում է ուղեղային հյուսվածքներ, զարգանում է «արյունահոսող» կամ հեմոռագիկ ինսուլտ, առավել հաճախ՝ սուբարախնոիդալ բնույթի:
Անևրիզման ունի կրկնվելու հակում: Ուղեղային անևրիզմայով 5 հիվանդից 1-ի մոտ զարգանում է մեկ այլ անևրիզմա:
Ռիսկի գործոններ
Մի քանի գործոններ կարող են նպաստել զարկերակի պատի թուլացմանը: Դրանք կարող են մեծացնել ուղեղային անևրիզմայի կամ անևրիզմայի պատռման ռիսկերը:
Այս ռիսկի գործոններից որոշները զարգանում են ժամանակի ընթացքում: Սակայն ի ծնե առկա որոշ վիճակներ կամ հիվանդություններ կարող են բարձրացնել ուղեղային անևրիզմայի զարգացման ռիսկը:
Ուղեղային անևրիզմայի առավել կարևոր ռիսկի գործոնները ներկայացված են ստորև:
- Ավելի մեծ տարիք. ուղեղային անևրիզմա կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այնուամենայնիվ, դրանք ավելի տարածված են 30-ից 60 տարեկան չափահասների շրջանում:
- Իգական սեռ. կանանց մոտ ուղեղային անևրիզմաներն ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
- Ծխախոտ ծխելը. ծխելը ռիսկի գործոն է ինչպես ուղեղային անևրիզմայի ձևավորման, այնպես էլ այդ անևրիզմայի պատռման համար:
- Բարձր արյան ճնշում (զարկերակային հիպերտենզիա). այս վիճակը կարող է թուլացնել զարկերակների պատը: Թուլացած զարկերակներում անևրիզմաների առաջացման և պատռվելու հավանականությունն ավելի բարձր է:
- Թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի օգտագործում. ապօրինի թմրամիջոցների օգտագործումը բարձրացնում է արյան ճնշումը։ Ապօրինի թմրամիջոցների ներերակային օգտագործումը նաև կարող է հանգեցնել վարակի: Վարակը կարող է առաջացնել միկոտիկ անևրիզմա:
- Ալկոհոլի չարաշահում. ալկոհոլի չափից շատ օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը:
- Շարակցական հյուսվածքի ժառանգական խանգարումները, ինչպիսին է Էհլերս-Դանլոսի համախտանիշը, կարող են թուլացնել արյունատար անոթները:
- Երիկամների պոլիկիստոզային հիվանդություն. այս ժառանգական խանգարումը հանգեցնում է երիկամների մեջ հեղուկով լցված պարկերի կամ գրպանիկների առաջացման: Այն նաև կարող է բարձրացնել արյան ճնշումը։
- Նեղ աորտա, որը հայտնի է որպես աորտայի կոարկտացիա. աորտան ամենախոշոր արյունատար անոթն է, որը թթվածնով հարուստ արյուն է մատակարարում սրտից դեպի ողջ օրգանիզմ:
- Ուղեղային զարկերակ-երակային (արտերիովենոզ) մալֆորմացիա, որը նաև հայտնի է որպես ԱՎՄ (AVM). այս անոթային խնդրի դեպքում ուղեղային զարկերակները և երակները խճճված են՝ նման կծիկի, որն էլ ազդում է արյան հոսքի վրա:
- Ուղեղային անևրիզմայի ընտանեկան պատմություն (անամնեզ). ձեր ռիսկն ավելի բարձր է, եթե ունեք ընտանիքի անդամներ, ովքեր ունեցել են ուղեղի անևրիզմա: Սա հատկապես ճիշտ է, եթե երկու կամ ավելի առաջին կարգի հարազատները, օրինակ՝ ծնողը, եղբայրը, քույրը կամ երեխան, ունեցել են այս հիվանդությունը: Եթե ունեք ընտանեկան պատմություն, կարող եք հարցնել ձեր բժշկին ուղեղային անևրիզմայի համար սքրինինգ անցնելու մասին:
Անևրիզմայի որոշ տեսակներ կարող են հանդիպել գանգուղեղային վնասվածքների կամ որոշակի արյան վարակների պատճառով:
Պատռված անևրիզմայի ռիսկի գործոնները
Կան որոշ գործոններ, որոնք կարող են ավելի հավանական դարձնել անևրիզմայի պատռումը: Դրանցից են՝
- մեծ անևրիզմա ունենալը
- որոշակի տեղերում անևրիզմա ունենալը
- ծխախոտ ծխելը
- չբուժված բարձր արյան ճնշում ունենալը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024