Գրադարան
Ուղեղի անոթների անևրիզմա
5 րոպե
Անևրիզման իրենից ներկայացնում է զարկերակի պատի փքվածություն: Ինչպես նշում է հիվանդության անվանումը, այս դեպքում մենք գործ ունենք ուղեղի զարկերակների վրա զարգացած անևրիզմայի հետ:
Եթե ուղեղային անևրիզման պատռվում է, զարգանում է ներուղեղային արյունահոսություն, որը շատ արագ կարող է առաջացնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ:
Ուղեղային անևրիզմայի պատռման գլխավոր ախտանիշը հանկարծակի սկսվող սուր գլխացավն է: Եթե ձեզ մոտ նման գանգատ է առաջացել, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Ի՞նչ է ուղեղի անոթների անևրիզման
Անևրիզման կարող է հայտնաբերվել գրեթե ամենուրեք: Այն զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատն արտափքվում է՝ ձևավորելով արյունով լցված փոքր պարկանման գոյացություն: Ուղեղի զարկերակներում առաջացող անևրիզման կոչվում են նաև ներգանգային կամ ներուղեղային անևրիզմաներ:
Ուղեղի անոթների անևրիզման բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է: Որոշ մարդիկ ծնվում են ուղեղային անոթների թուլացած պատով, մյուսների մոտ այլ հիվանդությունները, օրինակ՝ աթերոսկլերոզ, զարկերակային գերճնշում, գանգուղեղային տրավմաներ, կարող են իրենք դառնալ անևրիզմայի առաջացման պատճառ:
Ուղեղային անևրիզմաները կարող են առաջանալ բոլոր տարիքային խմբերում, սակայն ավելի հաճախ հանդիպում են չափահասների շրջանում: Կանանց մոտ անևրիզման հանդիպում է ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:
Անևրիզմաները կարող են զարգանալ ուղեղի բոլոր շրջաններում, սակայն ավելի հաճախ ձևավորվում են գանգի հիմային շրջանի մեծ զարկերակների վրա:
Տարբերում են ուղեղային անևրիզմայի երկու տեսակներ՝
- պարկանման անևրիզմաներ, որոնք ամենատարածված տեսակն են և կարող են պատճառել ներուղեղային արյունազեղումներ
- իլիկանման անևրիզմաներ, որոնք ավելի հազվադեպ են պատռվում և արյունահոսում:
Երբ անևրիզման պատռվում է և արյունն արտահոսում է ուղեղային հյուսվածքներ, զարգանում է «արյունահոսող» կամ հեմոռագիկ ինսուլտ: Եթե պատռված անևրիզմայից արյունն արտահոսում է դեպի ուղեղը շրջապատող տարածություն, զարգանում է սուբարախնոիդալ արյունազեղում, իսկ եթե արյունն արտահոսում է բուն ուղեղային հյուսվածքների մեջ, ապա զարգանում է ներուղեղային արյունազեղում:
Անևրիզման ունի կրկնվելու հակում: Ուղեղային անևրիզմայով 5 հիվանդից 1-ի մոտ զարգանում է մեկ այլ անևրիզմա:
Ուղեղային անևրիզմայի ախտանիշները
Բազմաթիվ մարդիկ ունեն ուղեղային անոթների անևրիզմա՝ առանց իմանալու այդ մասին, և պատճառն այն է, որ այս հիվանդությունը կարող է ամիսներ և տարիներ շարունակ որևէ գանգատ կամ լուրջ ախտանշան չառաջացնել: Անևրիզմաները կարող են հայտնաբերվել միայն այն ժամանակ, երբ մարդը որևէ պատճառով անցնում է գլխուղեղի պատկերման որևէ հետազոտություն: Երբեմն, երբ անևրիզման խիստ մեծանում է, կարող են ի հայտ գալ աչքերի ետևում տեղակայված ցավեր, թմրածության և թուլության զգացողություններ, ընդհանուր թուլություն, տեսողական խնդիրներ կամ դեմքի մի կեսի թուլություն:
Երբ անևրիզման պատռվում է, այն գրեթե միշտ ուղեկցվում է հանկարծակի և սաստիկ գլխացավերով:
Պատռված անևրիզմայի մյուս նշաններից են՝
- երկտեսողություն
- սրտխառնոց) և փսխումներ
- պարանոցի մկանների ձգվածություն (կարկամվածություն)
- լուսավախություն (երբ ուժեղ լույսը դառնում է անտանելի)
- թուլություն ձեռքերում, ոտքերում կամ դեմքի մի կեսում
- շշմածություն և շփոթվածություն
- ցնցումներ
- գիտակցության կորուստ (կարճատև կամ երկարատև)
- ցավեր սրտի շրջանում:
Ուղեղային անևրիզմայի ախտորոշումը
Ուղեղի անոթների անևրիզման հաճախ հայտնաբերվում է գլխուղեղի պատկերման հետազոտությունների, օրինակ՝ ՄՌՏ-ի միջոցով: Նույն այս հետազոտությունները թույլ են տալիս ճշտելու, թե պատռված անևրիզմայի ժամանակ ուղեղի որ շրջաններում է կուտակվել արտահոսած արյունը:
Որոշ դեպքերում, հատկապես սուբարախնոիդալ արյունազեղումը հաստատելու համար, բժիշկը կարող է նշանակել նաև գոտկային պունկցիա, որի նպատակն է ճշտել, թե արդյոք ողնուղեղային հեղուկի մեջ առկա են արյան հետքեր:
Գլխուղեղի անոթային համակարգի և անևրիզմայի վերաբերյալ այլ մանրակրկիտ տվյալներ ստանալու համար բժիշկը կարող է նշանակել նաև անգիոգրիաֆիա:
Ուղեղային անևրիզմայի բուժումը
Հետազոտությունները վկայում են, որ եթե ուղեղի անևրիզման չափերով չի անցնում 10 մմ-ը, ապա դրա պատռվելու հավանականությունը խիստ փոքր է: Նման դեպքերում ձեզ հավանաբար խորհուրդ կտան պարբերաբար անցնել գլխուղեղի պատկերման հետազոտություններ և բուժել անևրիզմայի հավանական պատճառ հանդիսացող հիվանդությունը (օրինակ՝ բարձր արյան ճնշում):
Եթե անևրիզման պատռվել է, ապա մինչև հիվանդանոց տեղափոխվելը պետք է մնալ անկողմնում պառկած վիճակում և ընդունեք ցավազրկող դեղեր: Հիվանդանոցում ձեզ հավանաբար կառաջարկեն վիրահատություն, որի նպատակը ներուղեղային արյունահոսությունը դադարեցնելն է կամ ախտահարված անոթը ստենտավորելը (անգիոպլաստիկա):
Ուղեղային անևրիզմայի կանխարգելումը
Անևրիզման կանխարգելող որևէ հատուկ և արդյունավետ միջոց գոյություն չունի, սակայն կարող եք նվազեցնել վերջինիս պատռվելու ռիսկը: Եթե ձեզ մոտ ախտորոշել են ներուղեղային անևրիզմա, ապա կարող եք՝
- հրաժարվել ծխախոտից, եթե ծխող եք
- բուժել բարձր արյան ճնշումը, եթե ձեզ մոտ առկա է զարկերակային գերճնշում
- չօգտագործել հոգեխթանիչ դեղեր կամ նյութեր (օրինակ՝ կոկաին)
- անցնել առողջ և հավասարակշռված սննդակարգին և վարել ակտիվ ապրելակերպ (ֆիզիկական վարժանքներ և այլն, նախապես խորհրդակցելով ձեր բժշկի հետ):
Ե՞րբ դիմել բուժօգնության
Եթե ձեզ մոտ հանկարծակի առաջացել են սաստիկ ուժեղ գլխացավեր, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2019 վերանայվել է՝ 22-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: