Գլխուղեղային անոթների անևրիզմաների մեծ մասը, եթե չի պատռվել, ախտանիշներ չի առաջացնում:
Սա մասնավորապես ճիշտ է, եթե անրևրիզմաները փոքր են: Ուղեղային անևրիզմաները կարող են հայտնաբերվել պատկերային հետազոտությունների ժամանակ, որոնք նշանակվել են այլ հիվանդությունների ախտորոշման համար:
Այնուամենայնիվ, պատռված անևրիզմը շատ ծանր խնդիր է, որը սովորաբար առաջացնում է ուժեղ գլխացավ: Եվ, եթե չպատռված անևրիզման ճնշում է ուղեղային հյուսվածքը կամ նյարդերը, կարող են զարգանալ ցավ և այլ ախտանիշներ:
Պատռված անևրիզմա
Հանկարծակի, ուժեղ գլխացավը պատռված անևրիզմայի հիմնական ախտանիշն է: Այս գլխացավը մարդկանց կողմից հաճախ նկարագրվում է որպես ամենասոսկալի գլխացավը, որ երբևէ ունեցել են:
Բացի ուժեղ գլխացավից, պատռված անևրիզմայի ախտանիշները կարող են ներառել՝
- սրտխառնոց և փսխում
- պարանոցային կարկամություն
- մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա)
- լուսազգայունություն (երբ ուժեղ լույսն աչքերի համար դառնում է անտանելի)
- ցնցումներ
- կոպի իջեցում (պտոզ)
- գիտակցության կորուստ
- շփոթվածություն:
«Արտահոսող» անևրիզմա
Որոշ դեպքերում անևրիզմայից կարող է լինել արյան թույլ արտահոսք: Երբ առաջանում է «արտահոսող» անևրիզմա, հաճախ դրան հետևում է ուղեղային անոթի ավելի ծանր պատռվածք: Արտահոսքերը կարող են առաջանալ անոթի պատռվածքից օրեր կամ շաբաթներ առաջ:
Ուղեղային անևրիզմայի արտահոսքի ախտանիշները կարող են ներառել՝
- հանկարծակի, չափազանց ուժեղ գլխացավ, որը կարող է տևել մի քանի օր կամ մինչև երկու շաբաթ:
Չպատռված անրևրիզմա
Չպատռված ուղեղային անևրիզման կարող է ոչ մի ախտանիշ չունենալ, հատկապես, եթե փոքր է: Այնուամենայնիվ, ավելի մեծ չպատռված անևրիզման կարող է ճնշում գործադրել ուղեղային հյուսվածքների և նյարդերի վրա: Նման դեպքերում չպատռված ուղեղային անևրիզմայի ախտանիշները կարող են ներառել՝
- ցավ մեկ աչքից վեր կամ աչքի ետևում
- լայնացած բիբ (միդրիազ)
- տեսողության փոփոխություն կամ երկտեսություն
- դեմքի մի կողմի թմրածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության եթե ձեզ մոտ ի հայտ է եկել հանկարծակի, չափազանց ուժեղ գլխացավ:
Եթե դուք ինչ-որ մեկի հետ եք, ով գանգատվում է հանկարծակի, ուժեղ գլխացավից կամ կորցնում է գիտակցությունը կամ ցնցում ունի, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024