Կրծքագեղձի կիստայի ախտորոշումը սովորաբար ներառում է կրծքագեղձի կլինիկական հետազոտությունը (զննում), պատկերային հետազոտությունները, ինչպիսիք են կրծքագեղձի գերձայնային հետազոտությունը կամ մամոգրաֆիան և, հնարավոր է, բարակ ասեղային ասպիրացիան կամ կրծքագեղձի բիոպսիան:
Կրծքագեղձի զննում
Ձեր ախտանիշները և հիվանդության պատմությունը քննարկելուց հետո ձեր բժիշկը կզննի կրծքագեղձի գոյացությունը և կստուգի կրծքագեղձի ցանկացած այլ անոմալիայի առկայությունը: Միայն զննելով կամ շոշափելով ձեր բժիշկը չի կարող հստակ որոշել, թե արդյոք կրծքագեղձի գոյացությունը կիստա է, ուստի ձեզ անհրաժեշտ կլինի ևս մեկ հետազոտություն՝ կամ պատկերային հետազոտություն կամ էլ բարակ ասեղային ասպիրացիա:
Պատկերային հետազոտություններ
Անհրաժեշտ հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Մամոգրաֆիա. մամոգրաֆիայի միջոցով սովորաբար կարելի է տեսնել մեծ կիստաները և փոքր կիստաների կուտակումները: Այնուամենայնիվ, շատ փոքր կիստաները (միկրոկիստաներ) կարող են մամոգրաֆիայով դժվար հայտնաբերվել կամ չգտնվել:
- Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունը կարող է օգնել ձեր բժշկին որոշելու՝ արդյոք կրծքագեղձը հեղուկով է լցված, թե պինդ է: Հեղուկով լցված շրջանը սովորաբար վկայում է կրծքագեղձի կիստայի մասին: Պինդ երևացող զանգվածը, ամենայն հավանականությամբ, ոչ քաղցկեղային ուռուցք է, ինչպիսին է ֆիբրոադենոման, թեև պինդ գոյացությունները կարող են նաև կրծքագեղձի քաղցկեղ լինել:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ բիոպսիա՝ պինդ թվացող զանգվածի հետագա գնահատման համար: Եթե ձեր բժիշկը կարող է հեշտությամբ շոշափել կրծքագեղձի գոյացությունը, նա կարող է բաց թողնել պատկերային հետազոտությունները և կատարել բարակ ասեղային ասպիրացիա՝ հեղուկը արտածծելու և կիստան դատարկելու համար:
Բարակ ասեղային ասպիրացիա
Բարակ ասեղով ասպիրացիայի ժամանակ ձեր բժիշկը բարակ ասեղ է մտցնում կրծքագեղձի գոյացության մեջ և փորձում դուրս հանել կամ արտածծել (ասպիրացնել) հեղուկը: Հաճախ բարակ ասեղային ասպիրացիա կատարվում է գերձայնային (սոնոգրաֆիկ) հսկողության ներքո՝ ասեղի ճշգրիտ տեղադրումը ուղղորդելու համար: Եթե հեղուկը դուրս է գալիս, և գոյացությունը փոքրանում է, ձեր բժիշկը կարող է անմիջապես կրծքագեղձի կիստա ախտորոշել:
- Եթե հեղուկն արյունային չէ, ունի ծղոտագույն տեսք և կրծքագեղձի գոյացությունն անհետանում է, ապա ձեզ հարկավոր չէ հետագա հետազոտություն կամ բուժում:
- Եթե հեղուկն արյունային է կամ կրծքագեղձի գոյացությունը չի անհետանում, ձեր բժիշկը կարող է արտածծված հեղուկի նմուշն ուղարկել լաբորատոր հետազոտության և ձեզ ուղեգրել կրծքագեղձի վիրաբույժին կամ ռադիոլոգի մոտ:
- Եթե հեղուկ չի արտածծվում, ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա պատկերային հետազոտություն, օրինակ՝ ախտորոշիչ մամոգրաֆիա կամ գերձայնային հետազոտություն (կրծքագեղձի սոնոգրաֆիա): Արտածծվող հեղուկի քիչ քանակը կամ ասպիրացիայից հետո կրծքագեղձի գոյացության չանհետանալը հուշում են, որ այդ գոյացությունը կամ գոնե դրա մի մասը պինդ են: Նման դեպքերում կարող է վերցվել հյուսվածքի նմուշ՝ քաղցկեղի առկայությունը ստուգելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024