Skip to main content

Բուժում - Կրծքագեղձի կիստա

Կրծքագեղձի պարզ կիստաները, որոնք լցված են հեղուկով (հաստատված գերձայնային հետազոտությամբ կամ բարակ ասեղային ասպիրացիայով) և որևէ ախտանիշ չեն առաջացնում, որևէ բուժման կարիք չունեն:

Բազմաթիվ կիստաներ վերանում են առանց բուժման: Սակայն, եթե կիստան պահպանվում է, շոշափելիս դառնում է ավելի պինդ կամ դուք նկատում եք կիստան ծածկող մաշկի փոփոխություններ, դիմեք ձեր բժշկին:

Բարակ ասեղային ասպիրացիա

Բարակ ասեղային ասպիրացիան կարող է օգտագործվել ինչպես կրծքագեղձի կիստաների ախտորոշման, այնպես էլ բուժման համար: Եթե միջամտության ընթացքում հնարավոր է լինում կիստայից հեռացնել (դատարկել) ամբողջ հեղուկը, կրծքագեղձում առկա գոյացությունն անհետանում է, իսկ ախտանիշները՝ վերանում:

Այնուամենայնիվ, կրծքագեղձի որոշ կիստաների դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկից ավելի անգամ հեղուկի արտածծում: Կրկնվող կամ նոր կիստաները տարածված են: Եթե կրծքագեղձի կիստան պահպանվում է երկու-երեք դաշտանային ցիկլերի ընթացքում և մեծանում է, դիմեք ձեր բժշկին հետագա գնահատման համար:

Հորմոնների օգտագործում

Ձեր դաշտանային ցիկլերը կարգավորելու համար բեղմնականխիչ հաբերի (օրալ հակաբեղմնավորիչների) օգտագործումը կարող է օգնել կրծքագեղձի կիստաների կրկնության կրճատմանը: Այնուամենայնիվ, հնարավոր զգալի կողմնակի ազդեցությունների պատճառով հակաբեղմնավորիչ հաբերը կամ այլ հորմոնային բուժումը, ինչպիսին է Տամոքսիֆենը, սովորաբար խորհուրդ է տրվում միայն ծանր ախտանիշներով կանանց համար: Դաշտանադադարից հետո հորմոնային բուժման դադարեցումը նույնպես կարող է օգնել կրծքագեղձի կիստաների կանխարգելմանը:

Վիրահատություն

Կրծքագեղձի կիստայի հեռացման վիրահատությունը անհրաժեշտ է միայն բացառիկ իրավիճակներում: Վիրահատությունը կարող է դիտարկվել, եթե կրծքագեղձի անհարմար կիստան կրկնվում է ամեն ամիս կամ եթե կրծքագեղձի կիստան պարունակում է արյունային հեղուկ կամ այլ մտահոգիչ նշաններ է դրսևորում:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024