Հորմոնների մակարդակի փոփոխությունը կարող է փոփոխություններ առաջացնել կաթնածորաններում կամ կաթնային գեղձերում:
Ծորանների և գեղձերի այս փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի կիստաներ, որոնք կարող են ցավոտ լինել։ Կիստաները հանդիսանում են կրծքագեղձի ցիկլային ցավի տարածված պատճառներից մեկը: Կրծքագեղձի ոչ ցիկլային ցավը կարող է առաջանալ վնասվածքից, կրծքագեղձի նախկին վիրահատությունից կամ այլ գործոններից:
Երբեմն հնարավոր չէ պարզել կրծքագեղձի ցավի ճշգրիտ պատճառը, սակայն որոշ գործոններ կարող են մեծացնել դրա առաջացման ռիսկը:
Ռիսկի գործոններ
Կրծքագեղձի ցավն ավելի տարածված է այն կանանց մոտ, ովքեր չեն ավարտել դաշտանադադարը, թեև այն կարող է առաջանալ նաև դաշտանադադարից հետո: Կրծքագեղձի ցավ կարող է առաջանալ նաև գինեկոմաստիա ունեցող տղամարդկանց և սեռափոխության ենթարկվող տրանսգենդերների մոտ:
Կրծքագեղձի ցավի ռիսկը բարձրացնող այլ գործոնները ներկայացվում են ստորև:
- Կրծքագեղձի չափեր. մեծ կրծքագեղձեր ունեցող կանայք կարող են կրծքագեղձի ոչ ցիկլային ցավ զգալ՝ կապված իրենց կրծքերի չափերի հետ: Մեծ կրծքագեղձերի պատճառով առաջացած կրծքագեղձի ցավը կարող է ուղեկցվել պարանոցի, ուսի և թիկունքի ցավի կամ անհարմարավետության զգացողության հետ:
- Կրծքագեղձի վիրահատություն. կրծքագեղձի ցավը, որը կապված է այս օրգանի վիրահատության և սպիների առաջացման հետ, երբեմն կարող է երկարաձգվել վիրահատական վերքերի ապաքինումից հետո:
- Ճարպաթթուների անհավասարակշռություն. բջիջներում ճարպաթթուների անհավասարակշռությունը կարող է բարձրացնել շրջանառող հորմոնների նկատմամբ կրծքագեղձի հյուսվածքի զգայունությունը:
- Դեղամիջոցների օգտագործում. որոշ հորմոնային դեղամիջոցներ, ներառյալ անպտղության որոշ տեսակների բուժումը և բերանով ընդունվող (օրալ) հակաբեղմնավորիչ հաբերը, կարող են կապված լինել կրծքագեղձի ցավի հետ: Կրծքագեղձի ցավոտությունը դաշտանադադարից հետո օգտագործվող էստրոգենով և պրոգեստերոնով հորմոնային բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունն է: Կրծքագեղձի ցավը կարող է կապված լինել որոշ հակադեպրեսանտների, այդ թվում՝ սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչների հետ: Այլ դեղամիջոցները, որոնք կարող են կրծքագեղձի ցավ առաջացնել, ներառում են բարձր արյան ճնշումը բուժելու համար օգտագործվողները և որոշ հակաբիոտիկներ:
- Կոֆեինի չափից ավելի օգտագործում. թեև ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, սակայն որոշ կանայք նկատում են կրծքագեղձի ցավի բարելավում, երբ նվազեցնում կամ դադարեցնում են կոֆեինի օգտագործումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024