Կրծքագեղձի ցավը կարող է լինել ցիկլային կամ ոչ ցիկլային:
Ցիկլային ցավն առաջանում է կանոնավոր, մինչդեռ ոչ ցիկլային ցավը մշտական է կամ դրա առաջացման որևէ օրինաչափություն չկա: Կրծքագեղձի ցավի յուրաքանչյուր տեսակն ունի իր առանձնահատկությունները:
Կրծքագեղձի ցիկլիկ ցավը՝
- հստակ կապված է դաշտանային ցիկլի և հորմոնային մակարդակների փոփոխությունների հետ
- բնութագրվում է որպես բութ և նվացող կամ որպես կրծքագեղձում ծանրության զգացողություն
- հաճախ ուղեկցվում է կրծքագեղձերի այտուցվածության, լցվածության և հանգուցավոր գոյացությունների հետ
- սովորաբար ընդգրկում է երկու կրծքագեղձերը, հատկապես՝ դրանց վերին դրսային շրջանները և կարող է ճառագայթվել դեպի թևատակերը
- ուժեղանում է դաշտանային շրջանի սկզբին նախորդող երկու շաբաթվա ընթացքում, այնուհետև թեթևանում է դաշտանը սկսվելուց հետո
- ավելի հավանական է, որ առաջանա 20-ն անց և 30–ն անց կանանց մոտ, ինչպես նաև 40-ն անց այն կանանց մոտ, ովքեր անցնում են դաշտանադադարի փուլ:
Կրծքագեղձի ոչ ցիկլիկ ցավը՝
- դաշտանային ցիկլի հետ կապ չունի
- բնութագրվում է որպես ճնշման, այրոցի, ծակող կամ նվացող զգացողություններ
- մշտական կամ ընդհատվող է
- սովորաբար ընդգրկում է մեկ կրծքագեղձը՝ որևէ տեղայնացված շրջանում, սակայն կարող է համաչափ տարածվել ամբողջ կրծքագեղձով
- ավելի հավանական է, որ առաջանա հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ:
Արտակրծքային (էքստրամամալ) կրծքագեղձի ցավ
Կրծքագեղձի արտակրծքային ցավը կարծես սկսվում է կրծքագեղձի հյուսվածքից, բայց դրա աղբյուրն իրականում կրծքի տարածքից դուրս է: Կրծքավանդակի մկանը քաշելը, օրինակ, կարող է ցավ առաջացնել կրծքավանդակի պատի կամ կողոսկրի շրջանում, որը տարածվում (ճառագայթվում) է դեպի կրծքագեղձ: Կրծքավանդակի աճառն ընդգրկող հոդաբորբը, որը նաև հայտնի է որպես կոստոխոնդրիտ, նույնպես կարող է ցավ առաջացնել կրծքագեղձում:
Արտակրծքային ցավերը սովորաբար ուժեղանում կամ իրենց բնույթը փոխում են խորը շնչելիս կամ մարմնի դիրքը փոխելիս:
Ե՞րբ այցելել բժշկին
Պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այցի համար, եթե ձեր կրծքագեղձի ցավը՝
- շարունակվում է ամբողջ օրվա ընթացքում ավելի քան մի քանի շաբաթ
- առաջանում է ձեր կրծքագեղձի կոնկրետ մի շրջանում
- թվում է, թե ժամանակի ընթացքում վատթարանում է
- խոչընդոտում է առօրյա գործերին
- արթնացնում է ձեզ քնից:
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը շատ ցածր է այն մարդկանց մոտ, որոնց հիմնական ախտանիշը կրծքագեղձի ցավն է, բայց եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս հետազոտվել, ապա կարևոր է հետևել դրան:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024