Skip to main content

Բուժում - Ձեռքի կոտրվածք

Կոտրված ձեռքի բուժումը կախված է կոտրվածքի տեսակից:

Ապաքինման ժամանակը կախված է մի շարք գործոններից, ներառյալ վնասվածքի ծանրության աստիճանը, այլ վիճակներ, ինչպիսին է շաքարային դիաբետը, ձեր տարիքը, սնուցումը և ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումը:

Կոտրվածքները դասակարգվում են հետևյալ դասերից մեկի կամ մի քանիսի մեջ:

  • Բաց (բարդ) կոտրվածք. կոտրված ոսկորը ծակում է մաշկը՝ լուրջ վիճակ, որը պահանջում է անհապաղ, ակտիվ բուժում՝ վարակի ռիսկը նվազեցնելու համար:
  • Փակ կոտրվածք. մաշկը մնում է չվնասված։
  • Տեղաշարժումով կոտրվածք. կոտրվածքի յուրաքանչյուր կողմում գտնվող ոսկորների բեկորները հավասարեցված չեն: Կարող է պահանջվել վիրահատություն՝ բեկորները վերադասավորելու համար:
  • Բեկորավոր կոտրվածք. ոսկորը փշրված է բեկորների, ուստի այն կարող է պահանջել վիրահատություն:
  • Ճյուղանման կոտրվածք. ոսկորը ճաքել է, բայց մինչև վերջ չի կոտրվել, ինչպես այն, ինչ տեղի է ունենում, երբ կանաչ ճյուղը ծռում ես: Երեխաների կոտրված ոսկորների մեծ մասը ճյուղանման են, քանի որ երեխաների ոսկորները ավելի փափուկ և ճկուն են, քան չափահասների ոսկորները:
  • Կոմպրեսիոն իլիկաձև (տորուսային) կոտրվածք. ոսկորի մի կողմը սեղմվում է, ինչը հանգեցնում է մյուս կողմի ներհրման: Այս տեսակի կոտրվածքները նույնպես ավելի հաճախ են հանդիպում երեխաների մոտ:

Ոսրկի ուղղում

Եթե դուք ունեք տեղաշարժված կոտրվածք, ձեր բժշկին կարող է անհրաժեշտ լինել բեկորները ետ տեղափոխել իրենց դիրքը (համադրում): Կախված ձեր ցավի և այտուցի չափից՝ այս միջամտությունից առաջ ձեզ կարող է անհրաժեշտ լինել մկանային թուլացնող, հանգստացնող կամ նույնիսկ ընդհանուր անզգայացնող միջոց:

Անշարժացում

Կոտրված ոսկորի շարժումը սահմանափակելը, որը պահանջում է շինա (բեկակալ), վիրակապ, ամրակ կամ գիպսակապ, շատ կարևոր է բուժման համար: Նախքան գիպս կիրառելը, ձեր բժիշկը հավանաբար կսպասի, մինչև այտուցը իջնի, սովորաբար վնասվածքից հինգից յոթ օր հետո: Այս ընթացքում, դուք, հավանաբար, կկրեք շինա:

Ձեր բժիշկը կարող է խնդրել ձեզ ապաքինման ընթացքում կրկնել ռենտգեն հետազոտությունները, որ համոզվի, որ ոսկորները չեն տեղաշարժվել և սերտաճումը ճիշտ է ընթանում:

Դեղորայք

Ցավն ու բորբոքումը նվազեցնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սովորական ցավազրկող: Եթե ձեր ցավն ուժեղ է, ձեզ կարող է մի քանի օրվա ընթացքում անհրաժեշտ լինել դեղատոմսով դեղորայք, որը պարունակում է թմրամիջոց՝ ավելի ուժեղ ցավազրկող:

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ) կարող են օգնել ցավի մեղմացմանը, սակայն նաև կարող են խանգարել ոսկրերի ապաքինմանը, հատկապես երկարատև օգտագործման դեպքում: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք կարող եք դրանք ընդունել ցավազրկման համար:

Եթե ունեք բաց կոտրվածք, որի ժամանակ առկա է վնասված վայրի շրջանի վերք կամ մաշկի պատռվածք, հավանաբար ձեզ հակաբիոտիկ կնշանակեն՝ կանխելու վարակը, որը կարող է հասնել ոսկորին:

Թերապիա

Վերականգնումը (ռեաբիլիտացիա) սկսվում է նախնական բուժումից անմիջապես հետո: Շատ դեպքերում, հնարավորության դեպքում, կարևոր է սկսել որոշակի շարժումներ՝ ձեր թևի, ձեռքի և ուսի կարկամությունը նվազագույնի հասցնելու համար, երբ դուք կրում եք ձեր գիպսը կամ վիրակապը:

Ձեր գիպսը կամ վիրակապը հեռացնելուց հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ վերականգնողական վարժություններ կամ ֆիզիոթերապիա՝ վերականգնելու մկանային ուժը, հոդերի շարժումը և ճկունությունը:

Վիրահատություն

Որոշ կոտրվածքների կայունացման համար անհրաժեշտ է վիրահատություն: Եթե կոտրվածքը չի վնասել մաշկը, ձեր բժիշկը կարող է քիչ հետաձգել վիրահատությունը, մինչև այտուցը իջնի: Ձեր ձեռքն անշարժացնելը և վերջույթին բարձր դիրք տալը կնվազեցնեն այտուցը:

Բուժման ընթացքում ձեր ոսկորները տեղում ամրացնելու համար կարող են անհրաժեշտ լինել ամրացնող սարքեր, ինչպիսիք են լարերը, մետաղյա թիթեղները, շուղերը կամ պտուտակները: Բարդությունները հազվադեպ են, սակայն կարող են ներառել վարակը և ոսկորների սերտաճման բացակայությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024