Կոտրվածքներն առաջանում են ոսկորի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։
Ոտքի կոտրվածք կարող է առաջանալ մի շարք պատճառներով:
- Վայր ընկնելը. սովորական ընկնելը կարող է կոտրել սրունքի մեկ կամ երկու ոսկորները: Ազդրոսկրի կոտրվածքը պահանջում է շատ ավելի մեծ ազդեցություն:
- Ճանապարհատրանսպորտային պատահարներ (ՃՏՊ). ավտովթարի ժամանակ կարող են կոտրվել ոտքի բոլոր երեք ոսկորները: Կոտրվածքներ կարող են առաջանալ, երբ ձեր ծնկները կտրուկ բախվում են մեքենայի սրահի պինդ առաջամասին կամ, երբ վրաերթի ժամանակ մեքենան հարվածում է ձեր ոտքերին:
- Սպորտային վնասվածքներ. կոնտակտային մարզաձևի ժամանակ ոտքը բնական սահմաններից ավելի շատ ձգելը կամ երկարացնելը կարող է հանգեցնել ոտքի կոտրվածքի: Ոտքի ոսկորները նաև կարող են կոտրվել ընկնելիս կամ ուժեղ հարված ստանալիս:
- Մանկական բռնություն. երեխաների մոտ ոտքի կոտրվածքը կարող է լինել բռնության հետևանք, հատկապես, երբ մանկահասակ երեխան վնասվածք է ստանում նախքան քայլելը:
- Գերօգտագործում. լարվածության (սթրեսային) կոտրվածքները մանր ճաքեր են, որոնք զարգանում են մարմնի ծանրությունը կրող ոսկորներում, այդ թվում՝ ոլոքում (մեծ ոլոք): Սթրեսային կոտրվածքները սովորաբար առաջանում են կրկնվող ազդեցության կամ չափից ավելի օգտագործման հետևանքով, օրինակ՝ երկար տարածություններ վազելու պատճառով: Սակայն, դրանք նաև կարող են առաջանալ այնպիսի ոսկորի կանոնավոր օգտագործման պայմաններում, որը կորցրել է իր ամրությունը, օրինակ՝ օստեոպորոզի պատճառով:
Ռիսկի գործոններ
Լարվածության կամ սթրեսային կոտրվածքները հաճախ ոտքի ոսկորների վրա կրկնվող լարվածության արդյունք են՝ առաջացած այնպիսի գործողություններից, ինչպիսիք են՝
- վազքը
- բալետ պարելը
- բասկետբոլը
- քայլարշավը:
Կոնտակտային մարզաձևերը, ինչպիսիք են հոկեյը, ֆուտբոլը կամ ամերիկյան ֆուտբոլը, կարող են առաջացնել ոտքի ուղղակի հարված, որն էլ հանգեցնի կոտրվածքի:
Մարզական իրավիճակներից բացի լարվածության կոտրվածքներն ավելի տարածված են այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն՝
- ոսկորների խտության նվազեցում (օստեոպորոզ)
- շաքարային դիաբետ
- ռևմատոիդ արթրիտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024