Ազդրոսկրը (ֆեմուր) մարմնի ամենախոշոր և ամենաուժեղ խողովակավոր ոսկորն է։ Ազդրոսկրի կոտրվածքը սովորաբար ակնհայտ է, քանի որ դրա համար շատ մեծ ուժ է պահանջվում: Սակայն սրունքի կազմի մեջ մտնող ոլոքի (մեծ ոլոք կամ տիբիա) կամ այն ոսկորի կոտրվածքը, որն անցնում է ոլոքի կողքով (նրբոլոք կամ փոքր ոլոք, ֆիբուլա), կարող է ավելի քիչ ակնհայտ լինել:
Ոտքի կոտրվածքի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ուժեղ ցավ, որը կարող է ավելի սաստկանալ շարժումներ կատարելիս
- այտուց կամ ուռածություն
- ցավոտություն
- արյունազեղում և կապտուկ
- վնասված ոտքի ակնհայտ ձևախեղում (դեֆորմացիա) կամ կարճացում
- քայլելու անկարողություն:
Մանկահասակ կամ փոքր երեխաները, ովքեր կոտրում են ոտքը, կարող են սկսել կաղալ կամ պարզապես դադարել քայլել, նույնիսկ եթե չեն կարողանում բացատրել, թե ինչու:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե դուք կամ ձեր երեխան ունեք ոտքի կոտրվածքի մասին վկայող որևէ գանգատ կամ ախտանիշ, անմիջապես դիմեք բուժօգնության: Ախտորոշման և բուժման հետաձգումը կարող է հանգեցնել ավելի ուշ խնդիրների, այդ թվում՝ վատ ապաքինման:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության ոտքի ցանկացած կոտրվածքի համար, որն առաջացել է ուժեղ վնասվածքի, օրինակ՝ ավտոմեքենայի կամ մոտոցիկլետի վթարի պատճառով: Ազդրոսկրի կոտրվածքները ծանր, կյանքին հավանական սպառնալիք ներկայացնող վնասվածքներ են, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնություն՝ տուժած շրջանը հետագա վնասումից պաշտպանելու և մոտակա հիվանդանոց անվտանգ տեղափոխելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024