Ոտքի ոսկորների կոտրվածքները կարող են հանգեցնել մի շարք բարդությունների:
- Ծնկան կամ կոճի ցավեր. ձեր ոտքի կոտրված ոսկորը կարող է առաջացնել ծնկան կամ կոճի (սրունք-թաթային շրջանի) ցավ:
- Ոսկրային վարակ (օստեոմիելիտ). եթե կոտրված ոսկորը խախտում է մաշկի ամբողջականությունը և առաջացնում վերք, կոչվում է բաց կոտրվածք: Եթե ունեք բաց կոտրվածք, ոսկորը կարող է ենթարկվել արտաքին մանրէների ազդեցությանը, որոնք կարող են առաջացնել ոսկորի վարակ:
- Վատ կամ հետաձգված ապաքինում. ոտքի ծանր կոտրվածքը կարող է լավանալ ոչ սովորական արագությամբ կամ ամբողջությամբ: Սա հատկապես հաճախ է հանդիպում սրունքի ոլոքի (մեծ ոլոքի) բաց կոտրվածքի դեպքում՝ այս ոսկորի թույլ արյունամատակարարման պատճառով:
- Նյարդերի կամ արյունատար անոթների վնասում. ոտքերի կոտրվածքները կարող են վնասել մոտակա նյարդերն ու արյունատար անոթները: Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե նկատում եք տուժած վերջույթի թմրածություն, մաշկի գունատություն կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:
- Կոմպարտմենտ-համախտանիշ. այս վիճակն առաջացնում է կոտրված ոսկորին հարակից մկանների ցավ, այտուց և երբեմն՝ անշարժունակություն: Սա հազվադեպ բարդություն է, որն ավելի հաճախ հանդիպում է բարձր ազդեցությամբ վնասվածքների դեպքում, ինչպիսիք են ավտովթարները:
- Արթրիտ (հոդաբորբ). կոտրվածքները, որոնք տարածվում են հոդի մեջ և ոսկորների ոչ համաչափ սերտաճումը տարիներ անց կարող են առաջացնել օստեոարթրիտ: Եթե ձեր ոտքը սկսում է ցավել կոտրվածքից երկար ժամանակ անց, այցելեք ձեր բժշկին՝ հոդաբորբի առկայությունը ստուգելու համար:
- Ոտքի անհավասար երկարություն. երեխայի երկար (խողովակավոր) ոսկորներն աճում են ծայրերից՝ ավելի փափուկ հատվածներում, որոնք կոչվում են աճի թիթեղներ։ Եթե կոտրվածքն անցնում է աճի թիթեղով, տուժած վերջույթը կարող է ի վերջո դառնալ ավելի կարճ կամ ավելի երկար, քան մյուս վերջույթը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024