Բրուգադայի համախտանիշով ոչ բոլոր մարդիկ կարող են նշել որևէ գանգատ կամ ախտանիշ:
Նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում այդ մարդկանց էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) կարող է հայտնաբերել ախտաբանական շեղումներ: Որոշ մարդիկ իմանում են իրենց հիվանդության մասին, երբ 40-50 տարեկանում առաջին անգամ անցնում են ԷՍԳ:
Եթե հիվանդությունը դրսևորվում է գանգատներով և ախտանիշներով, դրանք հաճախ ի հայտ են գալիս 15-40 տարեկանում: Սովորաբար առաջանում է հանգիստ վիճակում հաճախացած կամ անկանոն անոթազարկ (պուլս), որը կարող է դրսևորվել նաև սրտխփոցով: Սրտխփոցները կարող են ինքնաբուխ սկսվել և անհետանալ:
Բրուգադայի համախտանիշով պատճառված սրտի ռիթմի խանգարման (առիթմիա) առաջացնում է սրտի կծկման՝ արտամողող գործունեության արդյունավետության կրճատում, որը նշանակում է, որ սիրտը կծկվելիս ավելի քիչ ծավալով արյուն է մղվում դեպի գլխուղեղ և մյուս օրգան-համակարգեր: Սա կարող է առաջացնել գլխապտույտ և ուշագնացություն:
Այլ ախտանիշներից են՝
- շնարգելություն կամ դժվարացած շնչառություն (հատկապես գիշերները)
- ցնցումներ:
Խիստ հազվադեպ, սիրտը կարող է հանկարծակի կանգ առնել: Սա կոչվում է սրտի կանգ և պահանջում է կյանք փրկող սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ: Բրուգադայի համախտանիշը կարող է որոշ մարդկանց մոտ առաջացնել սրտային հանկարծամահություն, որի մահվան բուն պատճառը հաճախ մնում է անբացատրելի:
Ե՞րբ դիմել բժշկին
Բրուգադայի համախտանիշի գանգատները և ախտանիշները նման են սրտի ռիթմի այլ խնդիրներին: Ուստի կարևոր է այցելել ձեր բժշկին՝ ճշտելու, թե արդյոք ձեր գանգատների պատճառն այս համախտանիշն է, թե սրտի առիթմիայի այլ պատճառներ:
Եթե դուք կամ ձեր շրջակայքում ինչ-որ մեկն ունի սրտային հիվանդություն և հանկարծակի ուշագնաց է լինում, պետք է առանց հետաձգելու դիմել անհետաձգելի բուժօգնության:
Եթե ձեր ծնողներից մեկնումեկի, արյունակից հարազատի կամ երեխաներից մեկնումեկի մոտ ախտորոշվել է այս համախտանիշը, կարիք կզգացվի անցնել գենետիկ թեստ, որ գնահատվի ձեր մոտ Բրուգադայի համախտանիշի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024