Skip to main content

Ախտորոշում - Բրուքսիզմ

Երբեմն մարդիկ դիմում են իրենց բժիշկներին գլխացավերի կամ պարանոցի ցավերի կապակցությամբ, և պարզվում է, որ դրանց պատճառը հենց ատամների կրճտոցն է:

Ձեր ատամների կանոնավոր զննման ժամանակ ձեր ատամնաբույժն, ամենայն հավանականությամբ, կստուգի ատամների կրճտոցի ախտանիշների առկայությունը:

Գնահատում

Եթե ​​ունեք որևէ նախանշան, ձեր ատամնաբույժը հաջորդ մի քանի այցերի ընթացքում կստուգի ձեր ատամների և բերանի խոռոչի փոփոխությունները, որ գնահատի, թե արդյոք գործընթացը հարաճուն է և պարզի, թե արդյոք ձեզ բուժում է պետք:

Պատճառի որոշում

Եթե ​​ատամնաբույժը կասկածում է, որ ունեք բրուքսիզմ, փորձում է պարզել դրա պատճառը՝ հարցեր տալով ձեր բերանի խոռոչի ու ատամների ընդհանուր առողջական վիճակի, օգտագործվող դեղերի, առօրյայի և քնի սովորույթների մասին:

Բրուքսիզմի ծանրության աստիճանը գնահատելու համար ձեր ատամնաբույժը նաև կարող է ստուգել՝

  • ձեր ծնոտի մկանների ցավոտությունը
  • ատամնաշարի ակնհայտ շեղումները, ինչպիսիք են կոտրված կամ բացակայող ատամները
  • ձեր ատամների, ծնոտի ոսկորների և այտերի ներսի այլ վնասվածքները, սովորաբար՝ ռենտգեն հետազոտության օգնությամբ:

Ատամնաշարի զննումը կարող է հայտնաբերել այլ խանգարումներ, որոնք կարող են առաջացնել ծնոտի կամ ականջի ցավին նմանվող նման գանգատներ, ինչպիսիք են քունքստործնոտային հոդի (ՔՍՀ) հիվանդությունները, ատամների հետ կապված այլ խնդիրները կամ այլ առողջական վիճակները:

Ուղեգրում

Եթե ​​հավանական է, որ ձեր բրուքսիզմը կապված է քնի խնդիրների հետ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ քնի մասնագետի խորհրդատվություն: Վերջինս կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ (օրինակ՝ քնի հետազոտում), որը գնահատում է ատամների կրճտոցի դրվագները և որոշում է, թե արդյոք ունեք քնի ապնոէ կամ քնի այլ խանգարումներ:

Եթե ատամների կրճտոցը կարող է կապված լինել ​​անհանգստության, տագնապի կամ հոգեբանական այլ խնդիրների հետ, ձեզ կարող են խորհուրդ տալ հոգեթերապևտի կամ խորհրդատուի հետ հանդիպում:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024