Ձեր մկանները ոսկրերին միանում են սպիտակ պինդ շարակցահյուսվածային (ֆիբրոզ) լարերով, որոնք կոչվում են ջլեր:
Երբ ջլերն անցնում են ոսկրերի և հոդերի միջով, առաջացնում են փոքր բարձիկներ, որոնք լցված են հեղուկով: Այս փոքր բարձիկները կոչվում ձուսպապարկեր (բուրսա) և մեղմացնում են ոսկրերի հետ ջլերի շփումը:
Բուրսիտի ամենատարածված պատճառներն կրկնվող շարժումներն են կամ դիրքերը, որոնք ճնշում են հոդերի շուրջ գտնվող ձուսպապարկերը:
Օրինակներից են՝
- բեյսբոլի գնդակ նետելը կամ գլխի վրայով ինչ-որ բան բազմակի բարձրացնելը
- արմունկների վրա երկարատև հենվելը
- ծնկների վրա երկարատև հենվելն այնպիսի գործեր անելիս, ինչպիսիք են գորգ փռելը կամ հատակը մաքրելը:
Այլ պատճառներից են տվյալ շրջանի վնասվածքը կամ տրավման և բորբոքային հոդաբորբը (արթրիտ), ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, պոդագրան և վարակը (սեպտիկ արթրիտ):
Սուր և քրոնիկ բուրսիտների պատճառները տարբեր են:
- Սուր բուրսիտը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում՝ վնասվածքի (սալջարդ, քերծվածք, փոքր վերքեր) հետևանքով կամ որպես որոշակի հիվանդությունների բարդություն, ինչպիսիք են ֆուրունկուլոզը, օստեոմիելիտը, գրիպը, բրուցելոզը կամ գոնոռեային հոդաբորբը։
- Քրոնիկ բուրսիտը, որպես կանոն, առաջանում է հարհոդային ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով՝ կապված մասնագիտության առանձնահատկությունների հետ (օրինակ՝ լեռնագործներ, մանրահատակագործներ, մարզիկներ և այլն)։
Ռիսկի գործոններ
Բուրսիտ կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն որոշակի գործոններ կարող են բարձրացնել ձեր ռիսկը:
- Տարիք. բուրսիտն ավելի տարածված է դառնում մեծ տարիքում:
- Աշխատանք (մասնագիտություն) կամ զբաղմունքներ (հոբբիներ). եթե ձեր աշխատանքը կամ զբաղմունքը պահանջում են կրկնվող շարժումներ կամ ճնշում որոշակի ձուսպապարկերի վրա, բուրսիտի զարգացման ձեր ռիսկը մեծանում է: Օրինակներից են գորգեր փռելը, մանրահատակ հավաքելը, այգեգործությունը, նկարելը կամ երաժշտական գործիք նվագելը:
- Այլ առողջական խնդիրներ. որոշ համակարգային հիվանդություններ և վիճակներ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, պոդագրան և շաքարային դիաբետը, մեծացնում են բուրսիտի զարգացման ռիսկը: Ավելորդ քաշը նույնպես կարող է բարձրացնել ազդրի և ծնկի բուրսիտի զարգացման ձեր ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024