Եթե ունեք բուրսիտ, կարող եք նշել՝
- ախտահարված հոդի ցավ կամ կարկամություն
- ցավի սաստկացում տվյալ հոդը շարժելիս կամ սեղմելիս
- արտաքինից հոդի շրջանի այտուցվածություն և կարմրություն:
Տարբերում են սուր և քրոնիկ ընթացքով բուրսիտներ:
- Սուր բուրսիտն ավելի հաճախ առաջանում է հոդապարկի շրջանում վնասվածքից հետո կամ որպես որևէ այլ ներհոդային հիվանդության բարդություն և կարող է հայտնաբերվել որպես մաշկային կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ առաձգական գոյացություն («բարձիկ»): Սուր բուրսիտը կարող է բերել հոդի շարժունակության սահմանափակման, իսկ երբեմն նաև՝ ջերմության բարձրացման և կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ և ֆլեգմոնայի զարգացմամբ:
- Քրոնիկ բուրսիտը զարգանում է հոդերի հարակից ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով: Քրոնիկ բուրսիտը հոդերի շարժունակության վրա չի ազդում, սակայն կարող է սրանալ՝ հանգեցնելով ժամանակավոր անաշխատունակության:
Բուրսիտների ամենահաճախ հանդիպող տեղակայումներն են՝
- բազուկ՝ սուբակրոմիալ բուրսիտ
- ազդր՝ տրոխեանտերիկ բուրսիտ
- ծունկ՝ պրեպատելար բուրսիտ
- արմունկ՝ օլեկրանոնային բուրսիտ
- աքիլեսյան ջիլ՝ ռետրոկալկանեալ բուրսիտ
- ոտնաթաթ:
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք՝
- մշտապես կամ խիստ անհանգստացնող հոդացավ
- հոդը շարժելու հանկարծակի անկարողություն
- ախտահարված շրջանի արտահայտված այտուց, կարմրություն, արյունազեղում (կապտուկ) կամ ցանավորում
- սուր կամ խոցող ցավ, հատկապես, երբ փորձում եք շարժել հոդը
- ջերմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024