Առողջական խնդիրներ
Բուրսիտ (ձուսպապարկի բորբոքում)

2 րոպե
Բուրսիտը հոդերի ձուսպապարկերի սուր կամ քրոնիկ բորբոքումն է:
Ձեր մարմնի մկանները ոսկրերին միանում են սպիտակ պինդ շարակցահյուսվածային (ֆիբրոզ) լարերով, որոնք կոչվում են ջլեր: Երբ ջլերն անցնում են ոսկրերի և հոդերի միջով, առաջացնում են փոքր բարձիկներ, որոնք լցված են հեղուկով: Այս փոքր բարձիկները կոչվում ձուսպապարկեր («բուրսա»-ներ) և մեղմացնում են ոսկրերի հետ ջլերի շփումը:
Տարբեր պատճառներից ձուսպապարկը կարող է բորբոքվել և դառնալ ցավոտ: Այսպիսի վիճակը կոչվում է «բուրսիտ»՝ ձուսպապարկերի (բարձիկների) բորբոքում:
Տարբերում են սուր և քրոնիկ ընթացքով բուրսիտներ:
Սուր բուրսիտն ավելի հաճախ առաջանում է հոդապարկի շրջանում վնասվածքի հետևանքով կամ որպես որևէ այլ ներհոդային հիվանդության բարդություն: Զննմամբ բուրսիտը կարող է հայտնաբերվել որպես մաշկային կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ առաձգական ուռածություն («բարձիկ»): Սուր բուրսիտը կարող է բերել հոդի շարժունակության սահմանափակման, երբեմն նաև մարմնի ջերմության բարձրացման: Սուր բուրսիտը կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ և ֆլեգմոնայի առաջացմամբ:
Քրոնիկ բուրսիտը զարգանում է հոդերի հարակից ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով: Քրոնիկ բուրսիտը հոդերի շարժունակության վրա չի ազդում, սակայն կարող է սրանալ՝ բերելով ժամանակավոր անաշխատունակության:
Բուրսիտների ամենահաճախ հանդիպող տեղակայումներն են՝
- բազուկ՝ սուբակրոմիալ բուրսիտ
- ազդր՝ տրոխեանտերիկ բուրսիտ
- ծունկ՝ պրեպատելար բուրսիտ
- արմունկ՝ օլեկրանոնային բուրսիտ
- աքիլեսյան ջիլ՝ ռետրոկալկանեալ բուրստ
- ոտնաթաթ:
Բուրսիտների բուժման ստանդարտ մոտեցումը համապատասխանում է անգլերեն RICE հապավմանը՝
- հանգիստ (rest)
- սառույց (ice)
- ճնշում (compression)
- բարձր դիրք (elevation):
Հակաբորբոքային դեղերը նույնպես կարող են օգտակար լինել: Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ վիրահատական բուժման կարիք:
Բուրսիտների վերականգնման փուլում ձեր բժիշկը ֆիզիոթերապևտի հետ միասին կարող է առաջարկել նաև ձգող հատուկ վարժություններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: