Գրադարան
Կատարակտի վիրահատություն

2 րոպե
Կատարակտն աչքի հիվանդություն է` ոսպնյակի մթագնում, որը բերում է տեսողության սրության անկման:
Կատարակտը հանդիսանում է տեսողության լրիվ կորստի՝ կուրության բոլոր դեպքերի գրեթե կեսի պատճառ, ինպես նաև կազմում է բոլոր տեսողական խանգարումների շուրջ մեկ երրորդը: Կատարակտի դեպքում փոքր վիրահատությաբ կարելի է պղտորված ոսպնյակը փոխարինել նոր՝ թափանցիկ արհեստական (պլաստիկ) ոսպնյակով:
Իմացե՛ք ավելին կատարակտի մասին:
Ինչո՞ւ է կատարակտի վիրահատությունը կատարվում
Կատարակտը բերում է տեսողության վատացման՝ գույների մթագնում, պղտորված տեսողություն, մթնշաղային տեսողության վատացում, իսկ ծանր դեպքերում՝ նաև կուրություն: Վիրահատությամբ ախտահարված ոսպնյակի փոխարինումը մշտական պլաստիկ, ճկուն ներակնային ոսպնյակով հնարավոր է դառնում առավելագույնս վերականգնել տեսողության սրությունը:
Ինչպե՞ս նախապատրաստվել կատարակտի վիրահատությանը
Վիրահատության օրը ձեզ կնշանակեն որևէ հակաբիոտիկ պարունակող աչքի կաթիլներ: Ձեր ձեռքից կմիացնեն ներերակային կաթիլային համակարգ: Վիրահատությունից անմիջապես առաջ ձեր վիրահատվող աչքի մեջ կկաթեցնեն կամ ակնագնդի շուրջբոլորը կներարկեն որևէ տեղային անզգայացնող դեղամիջոց: Հազվադեպ, վիրահատությունը կարող է կատարվել ընդհանուր անզգայացման ներքո:
Վիրահատող ակնաբույժը ձեզ կտա լրացուցիչ ցուցումներ այն մասին, թե ինչպես նախապատրաստվել վիրահատությանը:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատության ընթացքում դուք պառկած եք լինելու մեջքի վրա մոտ 45 րոպե: Բժիշկը կկատարի ձեր աչքի մեջ փոքր կտրվածք, որ հեռացնի ձեր մթագնած ոսպնյակը և նույն տեղում կտեղադրի արհեստականը: Վիրաբույժից բացի վիրահատարանում են լինելու նաև այլ բուժաշխատողներ: Եթե զգում եք որևէ խնդիր, տեղեկացրեք այդ մասին նրանց:
Ի՞նչ ակնկալել վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո վիրահատված աչքը որոշ ժամանակ կմնա մաքուր վիրակապով ծածկված վիճակում: Դուք կարող եք վիրահատված աչքի շրջանում զգալ ցավեր կամ անհարմարավետություն: Տեղեկացրեք այդ մասին բժշկին, որ ձեզ նշանակվեն ցավազրկող դեղեր:
Կատարակտի վիրահատությունը սովորաբար ամբուլատոր միջամտություն է, և դուք կարող եք նույն օրը դուրս գրվել և տուն վերադառնալ: Ձեզ կարող են նշանակել աչքի կաթիլներ, որոնք պետք է օգտագործեք հետվիրահատական առաջին մի քանի օրվա ընթացքում:
Վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում դուք պետք է խուսափեք վիրահատված աչքը քորելուց կամ տրորելուց, ինչպես նաև որևէ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Կատրակտի վիրահատությունը սովորաբար խիստ հազվադեպ է խնդրահարույց ընթացք ստանում: Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ թույլ արյունահոսություն, աչքի կարմրություն և ցավոտություն, աչքից հեղուկ արտադրություն և, վերջապես, տեսողության վատթարացում: Նման դեպքերի հետ առնչվելիս անպայման տեղեկացրեք վիրահատող բժշկին:
Լրացուցիչ տեղեկատվություն
Կատարակտի մասին
Այցելե՛ք Մեդեքսի կատարակտ էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
- ի՞նչ հարցեր դուք կարող եք տալ մինչև վիրահատվելը
- ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
- ինչպե՞ս գտնել ճիշտ մասնագետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-06-2020 վերանայվել է՝ 09-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: