Արգանդի վզիկի քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ վզիկի առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ):
Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել:
Առողջ բջիջները աճում և բազմանում են սահմանված արագությամբ և ի վերջո մահանում են սահմանված ժամկետում: Մուտացիաները հրահանգում են բջիջներին աճել ու բազմանալ անվերահսկելիորեն, և դրանք չեն մահանում: Կուտակվող ոչ նորմալ բջիջները ձևավորում են զանգված կամ գոյացություն (ուռուցք)։ Քաղցկեղային բջիջները ներխուժում են մոտակա հյուսվածքներ և կարող են պոկվել ուռուցքից և տարածվել (մետաստազվել) դեպի օրգանիզմի այլ՝ ավելի հեռու շրջաններ:
Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում արգանդի վզիկի քաղցկեղ, բայց հաստատված է, որ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ, անգլերեն՝ HPV) դեր է խաղում: ՄՊՎ-ն շատ տարածված է, սակայն վիրուսով վարակված մարդկանց մեծամասնություն մոտ երբեք քաղցկեղ չի զարգացնում: Սա նշանակում է, որ այլ գործոններ ևս, ինչպիսիք են ձեր միջավայրը կամ ձեր ապրելակերպի ընտրությունը, նույնպես որոշում են, թե արդյոք ձեզ մոտ կզարգանա արգանդի վզիկի քաղցկեղ:
Արգանդի վզիկի քաղցկեղի տեսակները
Արգանդի վզիկի քաղցկեղի տեսակն իմանալն օգնում է ձեր բժշկին, որ որոշի ձեր կանխատեսումը (պրոգնոզ) և բուժումը: Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական տեսակները երկուսն են:
- Տափակ բջջային կարցինոմա. արգանդի վզիկի քաղցկեղի այս տեսակը սկսվում է արգանդի վզիկի արտաքին՝ հեշտոց դուրս եկող հատվածը ծածկող տափակ բջիջներից (էպիթելիալ բջիջներ): Արգանդի վզիկի քաղցկեղի մեծ մասը (80-85%) տափակ բջջային քաղցկեղ է:
- Ադենոկարցինոմա. արգանդի վզիկի քաղցկեղի այս տեսակը սկսվում է սյունաձև գեղձային բջիջներից, որոնք ծածկում են արգանդի վզիկի ջրանցքը:
Երբեմն երկու տեսակի բջիջներն էլ ներգրավված են արգանդի վզիկի քաղցկեղի մեջ: Խիստ հազվադեպ քաղցկեղը զարգանում է արգանդի վզիկի այլ բջիջներում:
Ռիսկի գործոններ
Արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Բազմաթիվ սեռական զուգընկերներ. որքան մեծ է ձեր սեռական զուգընկերների թիվը, և որքան մեծ է ձեր զուգընկերոջ սեռական զուգընկերների թիվը, այնքան մեծ կլինի ձեր ՄՊՎ-ով վարակվելու հավանականությունը:
- Վաղ սեռական ակտիվություն. վաղ տարիքում սեռական հարաբերություն ունենալը մեծացնում է ՄՊՎ-ի վտանգը:
- Սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներ. այլ սեռավարակների առկայությունը, ինչպիսիք են քլամիդիան, գոնորեան, սիֆիլիսը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, մեծացնում է ՄՊՎ-ի ձեր ռիսկը:
- Թուլացած իմունային համակարգ. դուք կարող եք արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի ենթարկվել, եթե ձեր իմունային համակարգը թուլացել է մեկ այլ առողջական խնդրի պատճառով, և դուք ունեք ՄՊՎ:
- Ծխելը. ծխելը կապված է արգանդի վզիկի տափակ բջջային քաղցկեղի հետ:
- Վիժումը կանխարգելող դեղամիջոցների ազդեցություն. եթե ձեր մայրը 1950-ականներին հղիության ժամանակ ընդունել է դիէթիլստիլբեստրոլ (DES) դեղամիջոցը, ապա դուք կարող եք ունենալ արգանդի վզիկի քաղցկեղի որոշակի տեսակի՝ ապակե բջջային ադենոկարցինոմայի ավելի բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2018
Վերջին վերանայում՝ 02-05-2024