Skip to main content

Ախտորոշում - Արգանդի վզիկի քաղցկեղ

Արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշումն ունի մի քանի մակարդակ կամ նպատակ:

Սքրինինգ

Սքրինինգային թեստերը կարող են օգնել հայտնաբերելու արգանդի վզիկի քաղցկեղը և նախաքաղցկեղային բջիջները, որոնք մի օր կարող են վերածվել քաղցկեղի: Ուղեցույցներից շատերն առաջարկում են արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային փոփոխությունների սկրինինգ սկսել 21 տարեկանից:

Սքրինինգային թեստերը ներառում են հետևյալը:

  • ՊԱՊ թեստ. ՊԱՊ թեստի ժամանակ բժիշկը քերում և հեռացնում է ձեր արգանդի վզիկի բջիջների նմուշ, որն այնուհետև ուղարկվում է լաբորատորիա՝ ձևափոխված բջիջներ հայտնաբերելու համար: ՊԱՊ թեստը կարող է հայտնաբերել արգանդի վզիկի ոչ նորմալ բջիջները, ներառյալ քաղցկեղային բջիջները և նախաքաղցկեղային փոփոխությունների ենթարկվածները, որոնք մեծացնում են արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը:
  • Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ԴՆԹ թեստ. ՄՊՎ-ի ԴՆԹ թեստը ներառում է արգանդի վզիկի լորձաթաղանթից նմուշառված բջիջների պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստ, որը թույլ է տալիս ստուգել ՄՊՎ-ի այն տեսակների (շտամների) առկայությունը, որոնք առավել հաճախ կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի:

Քննարկեք ձեր արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի տարբերակները ձեր բժշկի հետ:

Ախտորոշում

Եթե կա արգանդի վզիկի քաղցկեղի կասկած, ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կսկսի ձեր արգանդի վզիկի մանրակրկիտ հետազոտությունը: Ոչ նորմալ բջիջների առկայությունը ստուգելու համար օգտագործվում է հատուկ խոշորացնող գործիք (կոլպոսկոպ):

Կոլպոսկոպիայի ընթացքում ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, լաբորատոր հետազոտության համար կվերցնի արգանդի վզիկի բջիջների նմուշ (բիոպսիա): Հյուսվածքի նմուշառում կատարվում է ասպիրացիոն բիոպսիայի կամ ներվզիկային (էնդոցերվիկալ) կյուրետաժի միջոցով: Եթե դրանց իրագործումը խնդրահարույց կամ խիստ անհանգստացնող է, ձեր բժիշկը կարող է առաջարկել էլեկտրական մետաղալարերի հանգույցով նմուշառում կամ կոնային բիոպսիա (կոնիզացիա): Վերջինս թույլ է տալիս ձեր բժշկին ստանալ արգանդի վզիկի բջիջների ավելի խոր ընկած շերտեր: Այն կարող է իրականացվել հիվանդանոցում՝ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Քաղցկեղի փուլայնություն

Եթե ձեր բժիշկը որոշի, որ ունեք արգանդի վզիկի քաղցկեղ, ձեզ կառաջարկի լրացուցիչ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս որոշել ձեր քաղցկեղի զարգացման աստիճանը (փուլը): Քաղցկեղի փուլը կարևոր գործոն է ձեր բուժման վերաբերյալ որոշում կայացնելու համար: Փուլայնության հետազոտությունները ներառում են հետևյալը:

  • Պատկերային հետազոտություններ. ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) օգնում են ձեր բժշկին որոշելու, թե արդյոք ձեր քաղցկեղը տարածվել է ձեր արգանդի վզիկի սահմաններից դուրս:
  • Միզապարկի և ուղիղ աղիքի տեսողական զննում. ձեր բժիշկը կարող է օգտագործել հատուկ գործիքներ (սկոպներ)՝ ձեր միզապարկը և ուղիղ աղիքը ներսից դիտելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024