Skip to main content

Բուժում - Արգանդի վզիկի քաղցկեղ

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժումը կախված է մի քանի գործոններից, ինչպիսիք են քաղցկեղի փուլը, առողջական այլ խնդիրները, որոնք դուք կարող եք ունենալ և ձեր նախասիրությունները:

Կարող է օգտագործվել վիրաբուժություն, ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա կամ երեքի համակցությունը:

Վիրահատական բուժում

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլը սովորաբար բուժվում է վիրահատությամբ: Այն, թե որ վիրահատությունն է լավագույնը ձեզ համար, կախված կլինի ձեր քաղցկեղի չափից, դրա փուլից և ապագայում հղիանալու ձեր մտադրությունից:

Տարբերակները կարող են ներառել հետևյալը:

  • Միայն քաղցկեղի հեռացման վիրահատություն. արգանդի վզիկի շատ փոքր քաղցկեղի դեպքում հնարավոր է քաղցկեղն ամբողջությամբ հեռացնել կոնաձև բիոպսիայի միջոցով: Այս միջամտությունը ենթադրում է արգանդի վզիկի ախտահարված հյուսվածքի կոնաձև հեռացում՝ թողնելով արգանդի վզիկի մնացած առողջ հատվածը: Այս տարբերակը կարող է ձեզ հնարավորություն տալ ապագայում հղիանալ:
  • Արգանդի վզիկի հեռացման վիրահատություն (տրախելէկտոմիա). վաղ փուլի արգանդի վզիկի քաղցկեղը կարող է բուժվել արմատական տրախելէկտոմիայի միջոցով, երբ հեռացնում է արգանդի վզիկը և շրջակա հյուսվածքները: Այս միջամտությունից հետո արգանդը մնում է, ուստի ցանկության դեպքում հնարավոր է հղիանալ:
  • Արգանդի վզիկի և արգանդի հեռացման վիրահատություն (հիստերէկտոմիա). արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերի մեծ մասը բուժվում է արմատական հիստերէկտոմիայի վիրահատությամբ, որը ներառում է արգանդի վզիկի, արգանդի, հեշտոցի մի մասի և մոտակա ավշային հանգույցների հեռացում: Հիստերէկտոմիան կարող է բուժել արգանդի վզիկի քաղցկեղը վաղ փուլերում և կանխել դրա կրկնությունը: Սակայն, արգանդի հեռացումը անհնար է դարձնում հղիանալը:

Նվազագույն ինվազիվ հիստերէկտոմիան, որը կատարվում է որովայնի մի քանի փոքր, այլ ոչ թե մեկ մեծ կտրվածքով, կարող է որպես տարբերակ դիտարկվել արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում: Մարդիկ, ովքեր ենթարկվում են նվազագույն ինվազիվ վիրահատության, հաճախ ավելի արագ են վերականգնվում և ավելի քիչ ժամանակ են անցկացնում հիվանդանոցում: Սակայն որոշ հետազոտություններ պարզել են, որ նվազագույն ինվազիվ հիստերէկտոմիան կարող է ավելի քիչ արդյունավետ լինել, քան ավանդական՝ մեծ կտրվածքով հիստերէկտոմիան: Եթե դուք մտածում եք նվազագույն ինվազիվ վիրահատության մասին, ձեր վիրաբույժի հետ քննարկեք այս մոտեցման առավելություններն ու ռիսկերը:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները կամ պրոտոնները՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Այն հաճախ զուգորդվում է քիմիոթերապիայի հետ՝ որպես տեղային զարգացմամբ արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային բուժում: Ճառագայթային թերապիա կարող է նշանակվել նաև վիրահատությունից հետո, եթե կա քաղցկեղի վերադարձի մեծ ռիսկ (ախտադարձ կամ ռեցեսիվ):

Ճառագայթային թերապիան կարող է անցկացվել հետևյալ տարբերակներով՝

  • արտաքին ճառագայթում՝ ճառագայթային փունջն ուղղելով օրգանիզմի ախտահարված հատվածի վրա
  • ներքին ճառագայթում՝ հեշտոցում, սովորաբար ընդամենը մի քանի րոպեով տեղադրելով ռադիոակտիվ նյութով լցված սարք (բրախիթերապիա)
  • արտաքին և ներքին ճառագայթումների զուգակցում:

Եթե ձեր դաշտանադադարը դեռ չի սկսվել, ճառագայթային թերապիան ինքը կարող է առաջացնել դաշտանադադար: Եթե մտածում եք ճառագայթային բուժումից հետո հղիանալու մասին, նախքան բուժումը սկսելը հարցրեք բժշկին ձեր ձվաբջիջները պահպանելու եղանակների մասին:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է քիմիական նյութեր՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար (օրինակ՝ միայն Ցիսպլատին կամ Տոպոտեկանի և Ցիսպլատինի զուգակցում): Այն կարող է տրվել երակով կամ բերանող ընդունվող (օրալ) հաբերի տեսքով։ Երբեմն երկու մեթոդներն էլ օգտագործվում են:

Տեղային զարգացած արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում քիմիոթերապիայի ցածր դեղաչափերը հաճախ զուգորդվում են ճառագայթային թերապիայի հետ, քանի որ քիմիաթերապիան կարող է ուժեղացնել ճառագայթման ազդեցությունը: Քիմիոթերապիայի ավելի բարձր չափաբաժինները կարող են առաջարկվել որպես տարածուն քաղցկեղի ախտանիշները մեղմացնող միջոց:

Թիրախային թերապիա

Թիրախային դեղորայքային թերապիաները կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում առկա կոնկրետ թույլ տեղերի վրա: Արգելափակելով այս թույլ կողմերը՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են ոչնչացնել քաղցկեղի բջիջները: Թիրախային դեղորայքային բուժումը սովորաբար զուգորդվում է քիմիոթերապիայի հետ: Այն կարող է որպես տարբերակ քննարկվել արգանդի վզիկի տարածուն քաղցկեղի դեպքում:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգնում է ձեր իմունային համակարգին պայքարելու քաղցկեղի դեմ: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը կարող է չգրոհել քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղի բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք դրանք աննկատելի են դարձնում իմունային համակարգի բջիջների կողմից: Իմունոթերապիան ազդում է՝ միջամտելով այդ գործընթացին։ Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում իմունոթերապիան կարող է դիտարկվել, երբ քաղցկեղը տարածված է, և այլ բուժումներն այլևս արդյունավետ չեն:

Օժանդակող (պալիատիվ) խնամք

Պալիատիվ խնամքը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը կենտրոնանում է ցավը և ծանր հիվանդության այլ ախտանիշները մեղմացնելու վրա: Պալիատիվ խնամքի մասնագետները աշխատում են ձեր, ձեր ընտանիքի և ձեր մյուս բժիշկների հետ՝ տրամադրելու հավելյալ աջակցություն, որը լրացնում է ձեր շարունակական խնամքը:

Երբ պալիատիվ խնամքն օգտագործվում է բոլոր մյուս համապատասխան բուժումների հետ մեկտեղ, քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են իրենց ավելի լավ զգալ և ավելի երկար ապրել:

Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և հատուկ պատրաստված այլ մասնագետների կողմից: Պալիատիվ խնամքի անձնակազմները նպատակ ունեն բարելավել քաղցկեղով հիվանդ մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը: Խնամքի այս ձևը առաջարկվում է ամոքիչ կամ այլ բուժումների հետ մեկտեղ:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-06-2018
Վերջին վերանայում՝ 02-05-2024