Խոլեցիստիտ. պատճառներ
06-05-2020
2 րոպե

Լեղապարկի բորբոքումը որովայնային ցավերի 3-10%-ի պատճառն է և ավելի հաճախ հանդիպում է 50-69 տարեկան մարդկանց շրջանում:
Խոլեցիստիտն առաջանում է, երբ ձեր լեղապարկը դառնում է բորբոքված
Լեղու կանգ և կուտակում
Բոլոր այն հիվանդությունները կամ վիճակները, որոնք առաջացնում են լեղապարկում լեղու կուտակում և լեղուղիներում լեղու կանգ, մեծ հավանականությամբ առաջացնում են նաև լեղապարկի բորբոքում:
Չկարողանալով լեղածորաններով արտահոսել դեպի 12-մատնյա աղի և կուտակվելով լեղապարկում, անշարժ վիճակում հայտնված լեղին սկսում է մի կողմից խտանալ, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել լեղապարկում ճնշումը: Խտացած լեղին, ճնշումը և երբեմն բակտերիալ վարակը վնասում են լեղապարկի պատը՝ հանգեցնելով բորբոքման և լեղապարկի այտուցի: Բորոբոքումն ու այտուցը վատացնում են լեղապարկի պատի որոշ տեղամասերի արյունամատակարարումը, որն իր հերթին հանգեցնում է թթվածնի պակասից բջիջների մահվանը:
Լեղապարկի բորբոքման պատճառները
Լեղապարկի բորբոքման ամենահաճախ հանդիպող պատճառներից են՝
- Լեղապարկի քարեր. խոլեցիստիտի դեպքերի գերիշխող մեծամասության պատճառը ձեր լեղապարկում առաջացող պինդ բնույթի քարերն են: Լեղապարկի քարերը կարող են խցանել պարկային լեղածորանը, որով լեղին հեռացվում է լեղապարկից: Արդյունքում լյարդի կողմից արտադրված լեղին մնում և կուտակվում է լեղապարկում՝ առաջացնելով սուր բորբոքում: Ավելի քան 90% դեպքերում սուր խոլեցիստիտը պարկային լեղածորանի քարով խցանման հետևանք է:
- Ուռուցք. ուռուցքային գոյացությունը կարող է խոչընդոտել լեղապարկից լեղու նորմալ արտահոսքը և, ինչպես նախորդ դեպքում էր, առաջացնի լեղու կուտակում և լեղապարկի բորբոքում:
- Լեղածորանի խցանում. լեղածորանի ծռումը կամ սպիական նեղացումը նույն մեխանիզմով առաջացնում է լեղապարկում լեղու կուտակում և լեղապարկի բորբոքում:
- Վարակ. ՄԻԱՎ-ը և որոշ այլ վիրուսային վարակներ կարող են նպաստել լեղապարկի բորբոքման առաջացմանը:
- Արյունատար անոթների խնդիրներ. խիստ ծանր հիվանդությունը կարող է վնասել արյան անոթները և նվազեցնել լեղապարկի արյունամատակարարումը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել լեղապարկի բորբոքում:
Ռիսկի գործոններ
Լեղապարկի քարը համարվում է խոլեցիստիտ զարգացման գլխավոր ռիսկի գործոն, իսկ լեղաքարերի գոյացման ռիսկի գործոններն են՝
- իգական սեռ
- 40 տարեկանից բարձր տարիք
- հղիություն
- էստրոգեն պարունակող օրալ (խմելու) հակաբեղմնավորիչ հաբեր
- ֆիզիկական թերակտիվ (նստակյաց) կենսակերպ
- անառողջ սննդակարգ (ճարպերով, խոլեսթերինով հարուստ և բջջանքից աղքատ սնունդ)
- գիրություն (ճարպակալում)
- դիաբետ
- ազգություն (բնիկ և մեքսիկյան ամերիկացիներ)
- արագ քաշի կորուստ
- լյարդային հիվանդություններ
- արյան որոշ հիվանդություններ (մանգաղբջջային անեմիա, լեյկոզ)
- ընտանեկան պատմություն (ժառանգականություն):
Հոդվածը վերանայվել է՝ 26-02-2021