Գրադարան
Խոլեցիստիտ. բուժում

2 րոպե
Սուր խոլեցիստիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, որ վերահսկվի լեղապարկի բորբոքման ընթացքը:
Երբեմն առաջանում է խոլեցիստիտի վիրահատական բուժման անհրաժեշտություն:
Հիվանդանոցում բժիշկն աշխատում է վերահսկելի դարձնել հիվանդության ախտանիշները: Բուժումը կարող է ներառել հետևյալ միջոցառումները:
- Քաղց. բուժման սկզնում կարող է արգելվել որևէ սնունդ կամ հեղուկ օգտագործելը, որ բորբոքված լեղապարկին «հանգիստ տրվի»:
- Ներերակային ինֆուզիոն հեղուկներ. այս բուժումն օգնում է ջրազրկման կանխարգելմանը, ընդհանուր ինտոքսիկացիայի մեղմացմանը, իսկ որոշ դեպքերում՝ նաև ներերակային (արտաաղիքային) սնուցմանը:
- Վարակի դեմ հակաբիոտիկներ. եթե լեղապարկը վարակված է, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա հակաբիոտիկներ: Հակաբիոտիկային բուժումը սովորաբար թիրախավորում է աղիքային միկրոֆլորայի մաս կազմող աղիքային ցուպիկը (E. coli) և բակտերոիդները (Bacteroides)։
- Ցավազրկող դեղամիջոցներ. ցավազրկողները կարող են մինչև լեղապարկի բորբոքման մեղմացումը օգնել ցավի կառավարմանը:
- Քարերի հեռացման միջամտություններ. բժիշկը կարող է կատարել էնդոսկոպիկ հետադարձ (ռետրոգրադ) խոլանգիոպանկրեատոգրաֆիա (անգլերեն հապավումը՝ ERCP), որ հեռացնի լեղային ծորանները կամ պարկային ծորանը խցանած քարերը:
Ախտանիշները սովորաբար սկսում են մեղմանալ 2-3 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, լեղապարկի բորբոքումը հաճախ կրկնվում է, և լեղաքարային հիվանդությամբ մարդկանց մեծ մասն ի վերջո ունենում է լեղապարկի հեռացման վիրահատության կարիք:
Լեղապարկի հեռացման վիրահատություն
Լեղապարկի հեռացման վիրահատությունը կոչվում է խոլեցիստէկտոմիա: Սովորաբար սա նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը կատարվում է որովայնի պատի վրա մի քանի փոքր կտրվածքների միջոցով (լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա): Հազվադեպ պահանջվում է բաց վիրահատություն, երբ որովայնի պատի վրա կատարվում է երկար կտրվածք (բաց խոլեցիստէկտոմիա):
Վիրահատության ժամկետը կախված է ձեր ախտանիշների ծանրության աստիճանից և վիրահատության ընթացքում և դրանից հետո խնդիրների ընդհանուր ռիսկից: Եթե դուք ցածր վիրաբուժական ռիսկի տակ եք, վիրահատությունը կարող է կատարվել ձեր հիվանդանոցում գտնվելու ընթացքում:
Երբ ձեր լեղապարկը հեռացվում է, լեղին ձեր լյարդից անմիջապես հոսում է ձեր բարակ աղի, այլ ոչ թե պահվում ձեր լեղապարկում: Նույնիսկ առանց ձեր լեղապարկի դուք կարող եք մարսել սնունդը:
Իմացե՛ք ավելին լեղապարկի հեռացման վիրահատությունների մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: