Այնուամենայնիվ, շաբաթներ շարունակվող հազը վկայում է որևէ առողջական խնդրի առկայության մասին: Բազմաթիվ դեպքերում քրոնիկ հազն ունի մեկից ավելի պատճառ:
Ստորև ներկայացված պատճառներն առանձին կամ տարբեր համակցություններով պատասխանատու են քրոնիկ հազի դեպքերի մեծ մասի համար:
Հետքթային հոսք. երբ քիթը կամ հարքթային ծոցերն արտադրում են ավելցուկային լորձ (օրինակ՝ հաճախակի կրկնվող ռինիտի կամ սինուսիտի պատճառով), վերջինս կարող է ըմպանի ետին պատով հոսել ներքև՝ գրգռելով ըմպանի պատը և խթանելով հազի ռեֆլեքսը: Այս վիճակը երբեմն անվանում են վերին շնչուղիների հազի համախտանիշ:
Ասթմա. ասթմայի հետ կապված հազը կարող է ի հայտ գալ և անհետանալ տարվա որոշակի սեզոններին, սկսվել վերին շնչուղիների վարակի ժամանակ կամ ծանրանալ սառը օդի կամ որոշ քիմիական նյութերի կամ մասնիկների ազդեցությունից՝ ուղեկցելով հևոցին և խզզոցներին: Ասթմայի որոշ տեսակների ժամանակ (ասթմայի հազային տարբերակ) հազը գլխավոր ախտանիշն է:
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ). ԳԷՌՀ-ը տարածված հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսի թթուն բարձրանում է վեր՝ դեպի կերակրափող: Ձևավորվում է արատավոր օղակ, երբ ռեֆլյուքսին ուղեկցող այրոցքը (изжога) և ետկրծոսկրային ցավերն առաջացնում են կայուն գրգռում և քրոնիկ հազ, իսկ հազն իր հերթին ծանրացնում է ԳԷՌՀ-ի ախտանիշները:
Վարակներ. հազը կարող է երկար ժամանակ մնալ թոքաբորբի, գրիպի, մրսածության կամ վերին շնչուղիների այլ վարակների մյուս ախտանիշների անհետացումից հետո: Չափահասների շրջանում տարածված, սակայն չհայտնաբերված պատճառներից է նաև կապույտ հազը: Քրոնիկ հազ կարող է զարգանալ թոքերի սնկային, տուբերկուլոզային կամ միկոբակտերիալ միկրոօրգանիզմներով վարակների պատճառով:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ). ԹՔՕՀ-ը թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է թոքերի օդուղիների (բրոնխների) նեղացում և ներառում է քրոնիկ բրոնխիտը և էմֆիզեման: ԹՔՕՀ առաջացնում է թոքերի օդուղիներում լորձի կուտակում, որից օրգանիզմը փորձում է ազատվել հազալու միջոցով: Քրոնիկ բրոնխիտը կարող է առաջացնել գունավորված խորխով հազ: Էմֆիզեման ուղեկցվում է հևոցով և առաջացնում թոքերի օդաբշտիկների վնասում (ալվեոլներ): ԹՔՕՀ-ով մարդկանց մեծ մասը ներկա կամ նախկին ծխողներ են:
ոչ ասթմատիկ էոզինոֆիլիկ բրոնխիտ (ասթմայով չպատճառված օդուղիների բորբոքում)
սարկոիդոզ (թոքերում, մաշկում կամ ավշահանգույցներում բորբոքային բջիջների կուտակումների՝ գրանուլոմաների առաջացում)
իդիոպաթիկ թոքային ֆիբրոզ (անհատ պատճառով թոքերի քրոնիկ սպիացում):
Ռիսկի գործոններ
Ներկա կամ անցյալում ծխախոտի օգտագործումը քրոնիկ հազի առաջատար ռիսկի գործոններից է: Ծխախոտի երկրորդային (պասիվ) ծխի հաճախակի ազդեցությունը նույնպես կարող է բերել հազի և թոքերի վնասման:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։