Ձեր բժիշկը կհարցնի ձեր հիվանդության պատմության մասին և կկատարի բուժզննում:
Մանրակրկիտ հիվանդության պատմությունը և բուժզննումը կարող են կարևոր հուշումներ տալ քրոնիկ հազի մասին: Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել հետազոտություններ՝ ձեր քրոնիկ հազի պատճառը պարզելու համար:
Այնուամենայնիվ, բազմաթիվ բժիշկներ նախընտրում են սկսել բուժումը քրոնիկ հազի ամենատարածված պատճառներից մեկի դեմ, այլ ոչ թե նշանակել թանկարժեք հետազոտություններ: Եթե բուժումը չի օգնում, այնուամենայնիվ, կարիք է առաջանում անցնելու ավելի հազվադեպ հանդիպող պատճառների հայտնաբերման համար նախատեսված հետազոտություններ:
Պատկերային հետազոտություններ
- Ռենտգեն. թեև սովորական կրծքավանդակի ռենտգենը չի հայտնաբերի քրոնիկ հազի ամենատարածված պատճառները՝ հետքթային հոսքը, թթվային ռելյուքսը կամ ասթման, այն կարող է նշանակվել թոքի քաղցկեղը, թոքաբորբը և այլ թոքային հիվանդությունները ստուգման համար: Հարքթային ծոցերի (սինուսների) ռենտգենը կարող է հայտնաբերել այդ խոռոչների վարակի՝ սինուսիտի նշանները:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ-ն նույնպես կարող է նշանակվել՝ ստուգելու ձեր թոքերն այնպիսի հիվանդությունների համար, որոնք կարող են առաջացնել քրոնիկ հազ կամ ձեր հարքթային ծոցերը՝ վարակի օջախների համար:
Թոքերի գործունեության թեստեր
Այս պարզ, ոչ ինվազիվ թեստերը, ինչպիսին է սպիրոմետրիան, օգտագործվում են ասթմայի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) ախտորոշման համար: Դրանք չափում են, թե որքան օդ կարող են պահել ձեր թոքերը և որքան արագ կարող եք արտաշնչել:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել ասթմայի պրովոկացիոն թեստ, որը ստուգում է, թե որքան լավ կարող եք շնչել Մեթախոլին (Պրովոխոլին) դեղամիջոցը ներշնչելուց առաջ և հետո:
Լաբորատոր թեստեր
Եթե ձեր հազի լորձը գունավորված է, ձեր բժիշկը կարող է առաջարկել տալ խորխինմուշում բակտերիայի հայտնաբերման թեստ:
Էնդոսկոպիկ թեստեր
Եթե ձեր բժիշկը չի կարողանում բացատրություն գտնել ձեր հազի համար, կարող են դիտարկվել հատուկ էնդոսկոպիկ հետազոտություններ՝ հնարավոր պատճառները գտնելու համար:
- Բրոնխոսկոպիա. օգտագործելով բարակ, ճկուն խողովակ, որը հագեցած է լույսով և տեսախցիկով (բրոնխոսկոպ), ձեր բժիշկը կարող է դիտել ձեր թոքերը և շնչուղիները: Կարելի է նաև ձեր շնչուղիների ներքին թաղանթից (լորձաթաղանթից) վերցնել բիոպսիա՝ շեղումներ հայտնաբերելու համար:
- Ռինոսկոպիա. оգտագործելով օպտիկամանրաթելային էնդոսկոպ (ռինոսկոպ), ձեր բժիշկը կարող է դիտել ձեր քթային անցուղիները, հարքթային խոռոչները և վերին շնչուղիները:
Երեխաներ
Կրծքավանդակի ռենտգենը և սպիրոմետրիան, որպես կանոն, նշանակվում են երեխաների մոտ քրոնիկական հազի պատճառը գտնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024